Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանի նոր ուժը ունի մեկ սկզբունք՝ երկիրը պետք է կառավարեն մաքուր ձեռքերով պրոֆեսիոնալները. Նարեկ Կարապետյան

Լրացված

Շուրջ մեկ ամիս առաջ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն այսօր տարածած տեսաուղերձում խոսել է քաղաքական նոր ուժի հիմնական սկզբունքի մասին՝ երկիրը պետք է կառավարեն մաքուր ձեռքերով պրոֆեսիոնալները:

Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո կալանավորված Սամվել Կարապետյանը հուլիսի 4 -ին հայտարարեց նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին, 10-ն օր անց արդեն ԱԱԾ մեկուսարանից տեղեկացրեց՝ նոր քաղաքական թիմ է ձևավորում: Գործարարը, սակայն, առայսօր չի հստակեցրել՝ արդյոք ի՞նքն է ԱԱԾ մեկուսարանից ղեկավարելու նոր ստեղծվող ուժը, թե՞ այն արտապատվիրակելու է մեկ ուրիշին, օրինակ՝ 35-ամյա եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին:

«Եթե կառավարման մեջ երկրի կա պրոֆեսիոնալ, ով ա) տիրապետում է իր գործին, բ) ձեռքերը մաքուր են, նա, չնայած իր քաղաքական հայացքներին, պետք է մեծ դեր զբաղեցնի երկրի զարգացման մեջ», - նշել է Կարապետյանը:

Նարեկ Կարապետյանը նշել է, թե հաշվի առնելով հենց արհեստավարժության սկզբունքը, նոր ուժը կարող է ավելի պրոֆեսիոնալ կառավարել: Միլիարդատեր գործարարի եղբորորդին նկատում է, որ ի հեճուկս այս սկզբունքի, բոլոր նախկին ու ներկա իշխանություններն ունեցել են մեկ խնդիր՝ նրանք քաղաքականացրել են պետական կառավարումը:

«Որպեսզի դու ունենաս ուժեղ ղեկավար կազմ քո երկրի, դու պետք է ապաքաղաքականացնես երկրիդ որոշում կայացնողներին, այսինքն՝ նախարարությունները պետք է լինեն միայն պրոֆեսիոնալիզիմի հիմքի վրա ստեղծված համակարգեր: Մեր քաղաքական թիմի գործընկերներն էլ գիտեն և հասկանում են, որ հիմնականում գնահատվելու է միայն պրոֆեսիոնալիզմը: Այսպիսի քաղաքականացված պետական ապարատով դու չես կարող հաջողությունների հասնես: Դու պետք է ներգրավես Սփյուռքից լավագույն մասնագետներին, դու պետք է նեգրավես երկրիդ մեջ եղած անգամ ընդդիմության և դիմության լավագույն մասնագետներին և մեծ փորձ ունեցող մարդկանց՝ բիզնեսից», - նշել է Սամվել Կարապետյանի եղբորորդին:

Նարեկ Կարապետյանը, ով «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահն է ու նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրենների խորհրդի նախագահը, կարծում է, որ բիզնեսի ներկայացուցիչները նույնպես պետք է ներգրավված լինեն պետական կառավարման համակարգում՝ հաշվի առնելով նրանց կառավարչական մեծ փորձը:

Ըստ էության առաջին անգամ խոսելով նոր քաղաքական ուժի թիմի ձևավորման սկզբունքների մասին, Սամվել Կարապետյանի եղբորորդին այսօրվա իր տեսաուղերձում անդրադառնում է նաև իրենց օպոնենտների կողմից այդ նոր ուժի դեմ գործադրվելիք պայքարի միջոցներին, որոնց նպատակն է հանրության շրջանում հիասթափություն առաջացնել նոր գաղափարներ առաք քաշող ուժի նկատմամբ:

Դրանցից մեկն էլ, այսպես կոչված, նախկինների հետ կապն է: Նարեկ Կարապետյանը, մինչդեռ, պարզաբանում է՝ Հայաստանի բոլոր իշխանություններն էլ ցանկություն են հայտնել աշխատել Սփյուռքի ազդեցիկ ներդրողների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի հետ. - «Եվ ինչպես Քըրք Քրքորյանը, Էդուարդո Էռնեկյանը, Սամվել Կարապետյանը նույնպես հրավիրվել է նոր ներդրումներ անելու»:

Նոր ստեղծվող ուժի դեմ կիրառվելիք մյուս գործիքը Կարապետյանները վերնագրել են «ռուսական ֆեյք»՝ նշելով, թե փորձ է արվելու իրենց կապել Ռուսաստանի հետ, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում և իր բիզնես գործունեությունը ծավալել է այնտեղ:

«Օգտագործվելու է հակառուսական թեզը, որ Ռուսաստանը ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի: Ամենածայրահեղականներն էլ ասում են, որ Հայաստանը կվերածվի գուբերնիայի: Եկեք նայենք, թե ով է Հայաստանը վերածում գուբերնիայի», - ասել է Նարեկ Կարապետյանը:

Փորձելով ցրել այդ կասկածները, «Տաշիր» ընկերությունների փոխնախագահը տնտեսական մի ծավալուն վերլուծություն է ներկայացնում, ցույց տալու համար, որ հենց գործող իշխանություններն են Հայաստանի տնտեսական կախվածությունը է՛լ ավելի մեծացրել Ռուսաստանից, քան դա կար մինչև 2018 թվականի հեղափոխությունը. - «Մեր ինքնիշխան տնտեսական քաղաքականության վերջին 7 տարիների ընթացքում ռուսական դերը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ 27 տոկոսից հասել է 60 տոկոսի»:


Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ որպեսզի Հայաստանն ունենաս ինքնիշխանություն, պետք է տնտեսական հավասարակշռված քաղաքականություն իրականացնի, որի համար պետք է արվեն քայլեր, ինչը, սակայն, ըստ նրա, գործող իշխանությունը չի արել :

Ցույց տալու համար, թե Հայաստանն ինչպիսի տնտեսական կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից, Նարեկ Կարապետյանը բերում է Վլադիվոստոկի օրինակը. - «Վլադիվոստոկի մարզը Ռուսաստանի հետ առևտրի մեջ իր շրջանառության ընդամենը 30 տոկոսն է անում, Հայաստանի Հանրապետությունը անում է 45 տոկոսը, ևս 15 տոկոս Ռուսասանից վերարտահանված ապրանքն է: Այսինքն, մենք ավելի վատ տնտեսական անկախության վիճակում ենք, քան Վլադիվոստոկի մարզը Ռուսաստանի»:

Քաղաքականության մեջ նոր հայտ ներկայցրած Կարապետյանները նաև մանրամասնում են, թե ինչպես են տեսնում Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը թուլացնելու ճանապարհը՝ դիվերսիֆիկացնել տնտեսությունը, գտնել նոր զարգացող շուկաներ՝ կենտրոնանալով Լիբանանի, Հորդանանի, Իրաքի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հնդկաստանի և ԱՄՆ-ի շուկաների վրա:

«Տաշիր» ընկերությունների փոխնախագահի այս հայտարարություններին այսօր շտապել են արձագանքել իշխանության ներկայացոցիչները: «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանում պետական և հատկապես «Գազպրոմ»-ի գնումներով դոլարային միլիարդատեր դարձած մարդը ինչքան է անկախ ռուսական իշխանություններից:

Իսկ նախկիների հետ կապի մասով իշխանական պատգամավորը հիշեցրել է,որ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, ժամանակին եղել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն ու հանրապետական պատգամավոր:

«Հիմա ինձ խնդրում եմ ասեք՝ այս մարդիկ Հանրապետականի կամ «նախկինների» հետ կապ ունե՛ն, թե՞ ոչ»,- հարցրել է իշխանական պատգամավորը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG