Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարակուսած է՝ ինչպե՞ս է կալանավորված գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետանը, լինելով 3 երկրի քաղաքացի, ցանկանում Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ, երբ օրենսդրությունը նրան արգելում է լինել թե՛ վարչապետի և թե՛ պատգամավորի թեկնածու: Միակ բանն, ըստ Փաշինյանի, որ կարող է կալանավորված գործարարը դառնալ, ավագանու թեկնածուն է, այն էլ եթե հաշվառված է Հայաստանում:
«Մեր Սահմանադրությամբ այլ երկրի քաղաքացիություն ունեցողը չի կարող լինել պատգամավորի թեկնածու: Ուզում է լինի վարչապետի թեկնածու, չի կարող լինել, որովհետև մեր երկրի Սահմանադրությամբ այլ երկրի քաղաքացիություն ունեցողը չի կարող լինել վարչապետի թեկնածու: Կամ էլ ի՞նչ, ուզում են Հայաստանում ստեղծել քաղաքական ուժ, որ թելերով մարիոնետային կառավարում իրականացնե՞ն, Հայաստանը հո պռախադնոյ դվոր չի կամ մարիոնետների թատրոն չի: Իմ համոզմամբ՝ չի», - ասաց Փաշինյանը:
Մոտ մեկ ամիս առաջ Հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո կալանավորված Սամվել Կարապետյանը հուլիսի 4 -ին հայտարարեց նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին, 10-ն օր անց արդեն ԱԱԾ մեկուսարանից տեղեկացրեց քաղաքական թիմի ձևավորման աշխատանքների մասին: Գործարարը, սակայն, այդպես էլ չի հստակեցրել՝ արդյոք ի՞նքն է ԱԱԾ մեկուսարանից ղեկավարելու նոր ստեղծվող ուժը, թե՞ այն արտապատվիրակելու է մեկ ուրիշին:
Վարչապետ Փաշինյանը, սակայն, Կարապետյանի քաղաքականությամբ զբաղվելու մտադրությունը «ֆեյք նարատիվ» է որակում, կարծում է, որ գործարարը իրականում խնդիրներ ունենալով օրենքի հետ, փորձում է տեղավորվել քաղաքականության մեջ, որպեսզի ձեռք բերի քաղհալածյալի իմիջ:
«Պետության համը երկար ժամանակով մնալու է բերանները» . Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
Վարչապետն այսօր հրավիրած ասուլիսում մի քանի անգամ անդրադարձավ կալանավորված Սամվել Կարապետյանին, ներառյալ եկեղեցին պաշտպանելու նրա հայտնի արտահայտությանը, ինչի համար էլ, Փաշինյանի մի քանի ֆեյսբուքյան գրառումներից հետո, Կարապետյանին անմիջապես ձերբակալեցին՝ մեղադրելով իշխանությունը զավթելու կոչի համար:
Փաշինյանին այսօր հարցեցին՝ արդյոք վախենո՞ւմ է Սամվել Կարապետյանից ու դրա համար էլ ֆեսբուքյան իր էջում նրան կալանավորելու հրահանգներ տվեց իրավապահներին: Փաշինյանն ինչպես մի անգամ զգուշացրել էր միլիարդատեր գործարարին, այսօր էլ կրկնեց՝ պետության համը մնալու է նրա բերանում, բայց այս անգամ ավելացրեց՝ երկար:
«Ես ասում եմ՝ հարգելիներս, ոնց որ ձեր հիմնական քաղաքացիության երկրում ձեզ պահում եք, Հայաստան գալիս մի հատ հավսար-զգաստ եղեք, արա, և ասել եմ, որ պետության համը մնալու է բերաններդ: Ով սենց պահի, պետության համը երկար ժամանակով մնալու է բերանները», - հայտարարեց վարչապետը:
Փաշինյանը նաև հարց տվեց Սամվել Կարապետյանին՝ արդյոք նա իրեն թույլ կտա՞ր եկեղեցին պաշտպանելու մասին իր հայտարարությունը անել իր հիմնական քաղաքացիության երկրում, թերևս նկատի ունենալով Ռուսաստանը. - «Եթե հանկարծ իր հիմնական քաղաքացիության երկրում իր գլխում նման միտք ծագի, ինքը չի թողնի, որ ուրիշները բան անեն, ինքը պատուհանից ինքնակամ կթռնի ամենաբարձր հարկից»:
Ամենաբարձր հարկից թռչելու Փաշինյանի հայտարարությունից հետո, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շտապեց մանրամասնել՝ «Մոսկվա Սիթիի ամենաբարձր հարկից»:
Ի դեպ, պետության համը Սամվել Կարապետյանի բերանում երկար թողնելու զգուշացումներից զատ, Փաշինյանն այսօրվա ասուլիսում հիշեցրեց իր հայտնի մուրճի մասին, որպես ինքնիշխանության պաշտպանության կարևորագույն գործիք:
«Չագուճը յուղած, պատրաստ, իմ աշխատանքային սեղանին դրած է, ով որ փորձի Հայաստանի ինքնիշխանության, անկախության, պետականության նկատմամբ ոտնձգություն անի, ժողովրդի տված պողպատե մանդատը գործելու է ու գործում է», - հայտարարեց նա:
3 նոր մեղադրանք՝ Սամվել Կարապետյանին. պաշտպանական թիմը «քաղաքական հաշվեհարդար է որակում»
Չագուճը յուղած պատրաստ պահելու զգուշացումներից ժամեր առաջ, հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքներն ավելացել են ևս 3- ով:
Իշխանությունը զավթելու կոչից բացի շուրջ մեկ ամիս ԱԱԾ մեկուսարանում գտնվող Կարապետյանին ներկայացվել են նաև «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման», «առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը կազմակերպելու» և «առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելու» մեղադրանքներ:
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը պնդել է՝ բոլոր 4 մեղադրանքներն էլ անհիմն են և որ «Տաշիր գրուպի» սեփականատերը քաղաքական հետապնդման է ենթարկվում. - «Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում»:
Սամվել Կարապետյանին 3 նոր մեղադրանքները ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների գլխավոր վարչությունում ավելի վաղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Դեռ հուլիսի 8 -ին կոմիտեն հայտարարել էր, որ այդ գործի շրջանակներում 11 անձի մեղադրանք է ներկայացվել, 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մեկին ձերբակելելու որոշում էր կայացվել։ Փաստորեն այս 11 հոգուն գումարվել է նաև ԱԱԾ մեկուսարանում պահվող Սամվել Կարապետյանը:
Միլարադեր գործարար պաշտպանական թիմը մինչդեռ նշում է՝ Կարապետյանը չի արել որևէ գործողություն, որը կարող է ինչ -որ կերպ առնչվել մեղսագրվող արարքին հետ: