Սամվել Կարապետյանի նոր ուժը ունի մեկ սկզբունք՝ եթե երկրի կառավարման համակարգում կա պրոֆեսիոնալ, ով տիրապետում է գործին և ձեռքերը մաքուր են, նա, չնայած իր քաղաքական հայացքներին, պետք է մեծ դեր զբաղեցնի երկրի զարգացման մեջ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում տարածած ելույթում նշել է շուրջ մեկ ամիս կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, խոսելով միլիարդատեր գործարարի կողմից ստեղծվող նոր ուժի հիմնական սկզբունքների մասին:
Նարեկ Կարապետյանը նշել է, թե հաշվի առնելով այս սկզբունքը՝ նոր ուժը կարող է ավելի պրոֆեսիոնալ կառավարել, մինչդեռ բոլոր իշխանությունները ունեցել են մեկ խնդիր՝ նրանք քաղաքականացրել են պետական կառավարումը: Կարապետյանի խոսքով՝ քաղաքական այն ստրատեգիան, որ գործել է մինչև օրս, չի կարող արդյունավետ լինել 2030 -ին: Պետք է պատրաստ լինել լրիվ այլ մարտահրավերների և այն մեթոդներով, որ կառավարել են 2000-ակներին, չեն կարողանա կառավարել 2030 -ին, նշել է նա:
«Որպեսզի դու ունենաս ուժեղ ղեկավար կազմ, դու պետք է ապաքաղաքականացնես երկրիդ որոշում կայացնողներին, այսինքն նախարարությունները պետք է լինեն միայն պրոֆեսիոնալիզիմի հիմքի վրա ստեղծված համակարգեր: Այսպիսի քաղաքականացված պետական ապարատով դու չես կարող հաջողությունների հասնել: Դու պետք է Սփյուռքից ներգրավես լավագույն մասնագետներին, երկրիդ մեջ եղած անգամ ընդդմիության և դիմության լավագույն մասնագետներին և մեծ փորձ ունեցող մարդկանց՝ բիզնեսից: Շատերը ասում են, որ բիզնեսը չպետք է մտնի պետական ապարատ: Այդ դեպքում ովքե՞ր պետք է լինեն մեծ պետական համակարգերի կառավարիչները, եթե ոչ այն մարդիկ, ովքեր ունեն փորձ: Միայն կորպորացիաների ղեկավարները կարող են ունենալ փորձ կառավարել 5-10 հազար անձնակազմից բաղկացած թիմ: Ինչպես ԱՄՆ -ում է, Եվրոպայում է, անգամ Ռուսաստանում», - նշել է կալանավորված գործարարի եղբորորդին:
Մոտ մեկ ամիս առաջ Հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո կալանավորված Սամվել Կարապետյանը հուլիսի 4 -ին հայտարարեց նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին, 10-ն օր անց արդեն ԱԱԾ մեկուսարանից տեղեկացրեց քաղաքական թիմի ձևավորման աշխատանքների մասին: Գործարարը, սակայն, այդպես էլ չի հստակեցրել՝ արդյոք ի՞նքն է ԱԱԾ մեկուսարանից ղեկավարելու նոր ստեղծվող ուժը, թե՞ այն արտապատվիրակելու է մեկ ուրիշին:
Ավելի մանրամասն՝ այստեղ