Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանին 50 օր ժամանակ տալուց հետո ԱՄՆ նախագահը BBC-ի հետ զրույցում կրկնել է, որ հիասթափված է Ռուսաստանի նախագահից, սակայն դեռ չի խզել նրա հետ հարաբերությունները: Դոնալդ Թրամփն ասել է, որ ամեն անգամ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցից հետո Ռուսաստանը հարվածել է ուկրաինական բնակավայրերին, ինչն անընդունելի է:
«Ես դեռ չեմ դադարեցրել հարաբերությունները նրա հետ, սակայն հիասթափված եմ նրանից։ Կարծում էի, որ մենք չորս անգամ համաձայնության ենք եկել, հետո գնում ես տուն ու տեսնում, որ Կիևում ծերանոցի կամ ինչ-որ այլ բանի են հարվածել», - ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը:
Հարցին՝ վստահո՞ւմ է Պուտինին, Թրամփը պատասխանել է, որ գրեթե ոչ մեկին չի վստահում։
Երեկ ԱՄՆ նախագահը սպառնացել էր խիստ մաքսատուրքեր սահմանել Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, եթե Ռուսաստանը 50 օրում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնության չհասնի: Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Թրամփը հստակեցրել էր՝ խոսքը ընդհուպ 100 տոկոս մաքսատուրքի մասին է: «Դրանք շատ ցավոտ են: Հուսով եմ՝ բանը չի հասնի դրան», - ասել էր նա:
Թրամփը նաև հայտնել էր՝ Վաշինգտոնն ու դաշնակիցները համաձայնել են, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցով միլիարդավոր դոլարների ժամանակակից զենք կուղարկի Ուկրաինա, որի համար կվճարեն ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները: «Ցանկանում ենք համոզվել, որ Ուկրաինան կարող է անել այն, ինչ ուզում է», - ասել է նա:
Ոչ Թրամփը, ոչ էլ Մարկ Ռյուտեն չեն հստակեցրել, թե ինչ զենքի մասին է խոսքը, սակայն Ռյուտեն ասել է, որ կտրամադրվեն նաև հակաօդային պաշտպանության հրթիռներ և զինամթերք։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ սա Ուկրաինայի համար լավ լուր է, ապա հավելել, որ եթե Պուտինի տեղը լիներ, ավելի լուրջ կվերաբերվեր բանակցություններին:
«Եթե այսօր ես Վլադիմիր Պուտինի տեղը լինեի և լսեի Ձեր ելույթները 50 օրից Ձեր անելիքների մասին և այս հայտարարությունը, ես կվերանայեի մոտեցումս, թե արդյոք չպետք է ավելի լուրջ վերաբերվեմ Ուկրաինայի շուրջ բանակցություններին, քան հիմա եմ անում», - ընդգծել է Ռյուտեն:
The Washington Post-ը անանուն աղբյուրին հղումով գրում է, որ Թրամփը Ուկրաինայի նախագահից վերջերս հետաքրքրվել է, թե ինչու չեն հարվածում Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին, որպեսզի ճնշում գործադրեն Պուտինի վրա: Զելենսկին պատասխանել է, որ չունեն համապատասխան հրթիռներ: Եվ հիմա, ըստ թերթի, Թրամփը դիտարկում է Ուկրաինային Тomahawk թևավոր հրթիռներ տրամադրելու հնարավորությունը, որոնք կարող են հարվածել այս թիրախներին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է` Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե ինչով է պայմանավորված Թրամփի 50-օրյա ժամկետը, հատկապես որ ԱՄՆ նախագահը նախ խոսում էր 24 ժամում, ապա` 100 օրում պատերազմը դադարեցնելու մասին:
«Ակնհայտ է, որ նա Եվրամիության և ՆԱՏՕ-ի գործող ղեկավարության հսկայական, ես կասեի՝ անպարկեշտ ճնշման տակ է, որոնք անամոթաբար աջակցում են Զելենսկու պահանջներին՝ շարունակելով Ուկրաինային զինել ժամանակակից զենքով, այդ թվում՝ հարձակողական», - ասել է Լավրովը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը վաղուց է պատժամիջոցների տակ, և վստահեցնելով, որ կդիմակայի նաև նորերին:
Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ ասել է, որ Մոսկվան նախընտրում է խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով և պատրաստ է բանակցել, սակայն դեմ է վերջնագրերով խոսելուն։
Կրեմլի խոսնակն, իր հերթին, ասել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունները միանգամայն լուրջ են, դրացնում ինչ-որ բան անձամբ նախագահ Պուտինին է հասցեագրված, և նախագահը դրանք կմեկնաբանի անհրաժեշտության դեպքում:
«Անշուշտ մեզ ժամանակ է հարկավոր Վաշինգտոնում հնչած հայտարարություները վերլուծելու համար: Եվ եթե ու երբ նախագահ Պուտինը անհրաժեշտ համարի, նա անպայման դա կմեկնաբանի», - նշել է Պեսկովը:
Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, երեկոյան ուղերձում շնորհակալություն է հայտնել Թրամփին Ուկրաինային աջակցելու համար: Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ պատերազմը շարունակվում է միայն Ռուսաստանի պատճառով:
«Պատերազմը շարունակվում է բացառապես Ռուսաստանի պատճառով, բացառապես այն երկարաձգելու, ձգձգելու՝ Պուտինի ցանկության պատճառով։ Ռուսաստանը փորձում է պատերազմը դարձնել «նոր նորմա»։ Մենք երբեք չպետք է հանդուրժենք դա», - հայտարարել է Զելենսկին:
Չնայած Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասն այսօր հայտարարել էր, որ դաշինքը մոտ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 18-րդ փաթեթի շուրջ համաձայնությանը, սակայն համաձայնության գալ այդպես էլ չի ստացվել՝ Սլովակիան և Մալթան դեմ են արտահայտվել:
Ըստ Politico-ի՝ Սլովակիան ԵՄ-ից պահանջում է երաշխիքներ՝ փոխհատուցելու ռուսական գազի մատակարարման ամբողջական արգելքի հնարավոր վնասները: Մալթան էլ մտավախություն ունի, որ ռուսական նավթի առավելագույն գնի սահմանումը կարող է հարվածել երկրի տանկերային նավատորմին:
Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածել միմյանց: Ռուսական հրթիռներից Սումիի մարզում տուժել է մեկ երեխա, կան ավերածություններ: Ռուսաստանը հայտնել է, որ ևս երկու բնակավայր է վերցրել Դոնեցկում:
Ուկրաինական զինուժը նույնպես անօդաչուներով հարվածել է Լիպեցկին, Բրյանսկին: Վորոնեժում կա առնվազն 24 վիրավոր:
Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր ևս 90 օրով երկարաձգել է ռազմական դրությունը: