Մատչելիության հղումներ

Իսրայելը նոր հարվածներ է հասցնում Սիրիայի մայրաքաղաքին. հաղորդվում է ավելի քան մեկ տասնյակ վիրավորի մասին


Իսրայելա-սիրիական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ֆոնին Իսրայելը նոր հարվածներ է հասցնում Սիրիայի մայրաքաղաքին՝ թիրախավորելով երկրի պաշտպանության նախարարության շենքը, նախագահի նստավայրի մոտ գտնվող տարածքը։ Հաղորդվում է ավելի քան մեկ տասնյակ վիրավորի մասին։

«Ցավոտ հարվածները մեկնարկել են», - այսօր հայտարարում էր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայելը Կացը, որի ղեկավարած բանակը հենց նույն րոպեներին սկսեց ռմբակոծել հարևան երկրի մայրաքաղաքը։

Սիրիական հեռուստաալիքի ուղիղ եթերում երևում է, թե ինչպես են թիրախավորվում քաղաքի կենտրոնում գտնվող պետական կառույցները՝ ստիպելով հաղորդավարուհուն ուղիղ եթերում պատսպարվել ուժգին հարվածներից։

Իսրայելի բանակը հայտարարեց նաև, որ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի հետ սահմանակից շրջաններ՝ սպառնալով սաստկացնել հարվածները, քանի դեռ Դամասկոսը դուրս չի բերել իր ուժերը երկրի հարավից, որտեղ վերջին օրերին արյունալի բախումներ են սկսվել դրուզների և տեղական ջոկատների միջև։

Նեթանյահուի վարչակազմը պնդում է, որ Սիրիայի դեմ ռազմական արշավի նպատակն այդ երկրի փոքրամասնություններից մեկին՝ Իսրայելին հավատարիմ դրուզներին պաշտպանելն է։

«Իսրայելի մեր դրուզ եղբայրներ, դուք կարող եք հույս դնել Իսրայելի պաշտպանության ուժերի վրա՝ Սիրիայում ձեր եղբայրներին պաշտպանելու հարցում։ Վարչապետ Նեթանյահուն և ես՝ որպես պաշտպանության նախարար, պարտավորություն ենք ստանձնել, և մենք կկատարենք այն», - հայտարարել է երկրի ռազմական գերատեսչության ղեկավարը:

Դրուզների դեմ և այդ փոքրամասնության մասնակցությամբ բախումները կտրուկ սրվեցին վերջին օրերին․ Սիրիայի հարավում՝ Սուեյդա նահանգի նույնանուն քաղաքում կրկին առճակատման դուրս եկան վաղեմի թշնամիները՝ դրուզներն ու բեդվինները։ Այս երկու փոքրամասնությունների միջև արյունալի բախումների հետևանքով մի քանի օրում մոտ 250 մարդ զոհվեց։

Կրոնական համայնքների միջև զինված հակամարտության ֆոնին Սիրիայի կառավարությունը անվտանգության ուժեր տեղակայեց հարավային այս շրջանում՝ իրավիճակը հանդարտեցնելու մտադրությամբ։ Կարճ ժամանակով նաև հրադադար հայտարարվեց։

Ականատեսները, սակայն, «Ֆրանս պրես»-ի հետ զրույցում պնդել են, որ կառավարական զորքը, միանալով բեդվիններին, հարձակման մի նոր ալիք նախաձեռնեց դրուզ խմբավորումների դեմ։ Տեղից հրապարակվող տեսանյութերում տարբեր տարածքներում այսօր էլ պայթյունների են երևում, դրանց հետևանքով՝ ծխի ամպեր։

«Ֆրանս պրես»-ի թղթակիցը տեղում հաշվել է շուրջ երեք տասնյակ դիակ՝ հիմնականում քաղաքացիական հագուստով։ Suwayda 24 լրատվական կայքը հայտնում է «ծանր հրետանու և ականանետերի ինտենսիվ հրետակոծության մասին»։

Դամասկոսը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է «անօրինական խմբավորումներին»

Պաշտոնական Դամասկոսը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է «անօրինական խմբավորումներին», որոնք ինչպես պնդում է, հարձակվել են կառավարական ուժերի վրա, վերջիններս էլ ստիպված են «արձագանքել կրակի աղբյուրներին»։

Լոնդոնում տեղակայված սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ կիրակի օր բախումների բռնկումից ի վեր Սուեյդայում առնվազն 248 մարդ է սպանվել՝ ավելի քան 90-ը դրուզներ, առնվազն 138-ը սիրիական անվտանգության ուժերի ներկայացուցիչներ, մոտ քսան մարդ էլ զոհվել է բեդվին զինյալների շրջանում։

Ռազմական հեղաշրջմամբ Սիրիայում իշխանության եկած իսլամիստների վարչակազմը պաշտոնավարման առաջին իսկ օրերից լարված հարաբերություններ ունի երկրի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների հետ, և դեկտեմբերին Բաշար ալ Ասադի իշխանության տապալումից ի վեր, բազմաթիվ մեծ ու փոքր միջադեպեր են տեղի ունեցել, որոնք տասնյակ մարդկանց կյանք են խլել։

Ալ Շաարայի կառավարման երկրորդ ամսում Սիրիայի հետ տասնամյակներով հակամարտող հարևան Իսրայելի կառավարությունը Դամասկոսին պահանջ ներկայացրեց՝ ապառազմականացում, պնդելով, որ չեն հանդուրժի իսլամիստների գլխավորած կառավարության ուժերի ներկայությունը Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքների մոտ։

Սիրիայի վրա օդային հարվածներով ուղեկցված այս հայտարարությանը զուգահեռ Իսրայելը լրացուցիչ զորքեր տեղակայեց օկուպացված Գոլանի բարձունքների և սիրիական տարածքների միջև գտնվող շփման գոտում։ Սա ներկայացվեց որպես սահմանային անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլ։

Սահմանային լարվածության և ռազմատենչ այտարարություններին զուգահեռ երբեք դիվանագիտական հարաբերություններ չունեցած Իսրայելն ու Սիրիան, այդուհանդերձ ուղիղ բանակցություններ նախաձեռնեցին՝ ինչպես հաղորդվեց Ադրբեջանի նախագահ Ալիևի վարչակազմի օգնությամբ սիրիա-իսրայելական խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով։

Սիրիացի և իսրայելցի պաշտոնյաների միջև հերթական հանդիպումն ընդամենը մի քանի օր առաջ էր՝ անցած շաբաթ օրը Բաքվում՝ Սիրիայի նախագահի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում: Բանակցությունների արդյունքների մասին չի հաղորդվել։



XS
SM
MD
LG