Փոխատեղումներ՝ կառավարության կազմում. Շրջակա միջավայրի նախարարությունն ավելի քան 3.5 տարի ղեկավարելուց հետո Հակոբ Սիմիդյանն ազատվել է աշխատանքից, նրա փոխարեն նշանակվել է նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որը վերջին 2.5 տարիներին վարչապետ Փաշինյանի գլխավոր խորհրդականն էր:
Վարչապետն է այս փոփոխությունն առաջարկել: Կառավարությունից մինչ այս պահը որևէ պարզաբանում չեն ներկայացրել. ո՞րն է Սիմիդյանի պաշտոնանկության պատճառը, ինչո՞ւմ է թերացել և ինչո՞ւ է Փաշինյանի ընտրությունը կանգ առել իր գլխավոր խորհրդականի վրա, այս հարցերի պատասխաններն առայժմ չկան:
Շրջակա միջավայրի նախարարությունից «Ազատությանը» պարզաբանումներ չներկայացրին: Նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի խոսքով՝ նշանակումից առաջ գերատեսչությունում սպասվող փոփոխության մասին չգիտեին:
Հաջորդ տարի Հայաստանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը։ Միջոցառման կազմակերպման հարցերով նաև շրջակա միջավայրի նախարարությունն էր զբաղվում: Այս միջոցառման անցկացումն արդյոք փոխկապակվա՞ծ է Սիմիդյանի հեռացման հետ, դժգո՞հ էր Փաշինյանը նրա աշխատանքից, պարզ չէ. ամիսներ առաջ վարչապետը կազմակերպչական հարցերը այսօր նախարար նշանակված իր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ էր քննարկում, միջոցառման կազմկոմիտեն նա է գլխավորում:
Ի՞նչ է հայտնի Շրջակա միջավայրի նոր նախարարի մասին
Շրջակա միջավայրի նոր ՔՊ-ական նախարարը 33 տարեկան է, կառավարությունում է 2018 թվականից: 26 տարեկանում Արմավիրի մարզպետ է նշանակվել, երեք տարի անց փոխվարչապետ, 2023-ից էլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն էր: Միացյալ Նահանգներում է ուսանել, միջազգային հարաբերություններ, կոնֆլիկտաբանություն սովորել:
Մաթևոսյանի անունն այս տարիներին մամուլում հազվադեպ էր հայտնում. նրան առնչվող ամենաաղմկոտ պատմությունը շուրջ 3 տարվա վաղեմություն ունի. այդ ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Մաթևոսյանը իշխող ՔՊ-ի վարչության ընտրություններին էր մասնակցում: Ձայների նախնական հաշվարկով վարչության անդամ էր ընտրվել, սակայն, վերահաշվարկից հետո կորցրեց իր տեղը:
Վերջնական տվյալներով կուսակցության ղեկավար կազմից նրան 3 ձայն բաժանեց: Վերահաշվարկից հետո ՔՊ ղեկավար մարմնից դուրս էր մնացել նաև կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Մամուլում տեղեկություններ կային, թե կեղծիքներ են եղել: 3 տարի անց էլ իշխող ուժից հերքում են այդ լուրերը ու պնդում, թե պատճառը տեխնիկական անճշտությունն էր:
ՔՊ վարչության հաջորդ ընտրությունները երկու ամսից կանցկացվեն, Մաթևոսյանն այս անգամ չի առաջադրվել, իսկ արդեն նախկին նախարար Սիմիդյանը թեկնածուների շարքում է, նա այժմ էլ ղեկավար մարմնի անդամ է:
41-ամյա Սիմիդյանի էջն արդեն հեռացրել են կառավարության պաշտոնական կայքից, նա վարչապետի ամենահավատարիմ թիմակիցներից է. 2012-ից ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, 2018-ին էլ ինքն էր պատգամավոր դարձել: