Եկատերինբուրգում ձերբակալվել է ռուսաստանյան այդ քաղաքի ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին՝ Մութվալի Շիխլինսկին: Ըստ ռուսաստանյան աղբյուրների՝ ձերբակալությունը կատարվել է ուժային կառույցի աշխատակցին վնաս պատճառելու փաստով:
Այս ամիս ավելի վաղ ձերբակալվել էր Մութվալի Շիխլինսկու հայրը՝ Շահին Շիխլինսկին, որին մի քանի ժամ հարցաքննելուց հետո ազատ էին արձակել: Որդու ձերբակալման պատճառը կարող է լինել հոր ձերբակալության ժամանակ նրա՝ ավտոմեքենայով հետադարձի ժամանակ ուժային կառույցի աշխատակցին հարվածելը, նշում է «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագիրը:
Հուլիսի սկզբին Մութվալի Շիխլինկին հայտնել էր, որ հայրը որպես վկա է անցնում Սաֆարով եղբայրների գործով՝ կապված Եկատերինբուրգում 2001-11 թվականներին կատարված սպանությունների և մահափորձերի հետ: Հունիսի 27-ին քաղաքում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ իրականացվեցին, որոնց ընթացքում ձերբակալվածներից երկուսը մահացան, Ադրբեջանի դատախազության պնդմամբ՝ խոշտանգումների հետևանքով:
Այս իրադարձությունները Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում անցած տարեվերջին օդանավի կործանմանը հաջորդած լարվածության սրման պատճառ դարձան: