Մատչելիության հղումներ

Դատապարտյալին սավանով կախված են հայտնաբերել

Լրացված

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, արխիվ
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, արխիվ

7 ամսում 16 մահվան դեպք՝ հայաստանյան բանտերում: Դրանցից 6-ը ինքնասպանություն է որակվել:

«Արմավիրի» բանտում 38 տարեկան դատապարտյալին այսօր պատուհանի ճաղավանդակից սավանով կախված են հայտնաբերել: Նրա անունը չի հրապարակվում: Քննչականը քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Եվ մինչ իրավապահները կպարզեն փակ համակարգում տեղի ունեցած հերթական մահվան մեղավորներին, իրավապաշտպաններն արդեն մատնացույց են անում պետական համակարգը:

«Ինձ պարբերաբար զանգահարում էր մի հիվանդ դատապարտյալ. հացադուլի էր դիմում, որ իրեն տեղափոխեին դատապարտյալների հիվանդանոց: Այս մարդը նաև հուսահատությունից ինքնասպանության փորձ էր կատարել, ես չեմ ուզում անունը հրապարակել: Նրա խցակից ընկերները մի կերպ փրկել էին նրա կյանքը», - պատմեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանը գրեթե ամեն օր բանտերի բնակիչներից բողոք-զանգեր է ստանում: Օրինակները շատ են, երբ առողջական խնդիրներին ուշադրություն բևեռելու միակ ելքը մնում է հացադուլը, ինքնախեղումներն ու ինքնասպանությունը. - «Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ բուժօգնություն ստանալու համար հացադուլի են դիմում օրերով: Մինչև 40 օր հացադուլի են դիմում, որպեսզի նրանց տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց կամ ինչ-որ բուժզննում ստանան, և միշտ չի, որ դա կատարվում է»:

Բանտային խնդիրներով զբաղվող իրավապաշտպանը նկատում է՝ վերջին շրջանում, երբ իշխանությունը կենտրոնացած է ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների, նրանց բանտեր նետելու, իսկ արդարադատության նախարարն էլ՝ նոր Սահմանադրությունը գրելու վրա, հատկապես բանտերը վերահսկողությունից ու ուշադրությունից դուրս են մնացել:

«Հիմա նոր ծառայության պետ է նշանակվել մի քանի ամիս է, արդյոք այդ նոր ծառայության պետը կարո՞ղ է փոխել ինչ-որ բան միայնակ, եթե համակարգերը մեր երկրում՝ դատական և այլն, բոլոր խարխլված վիճակում են, բոլորը կենտրոնացած են վարչապետի ցուցումների վրա», - նշեց Ալեքսանյանը:

Բանտերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է այսօր համարել նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Անահիտ Մանասյանը հրավիրում է իրավասուների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին: Մասնավորապես, առանձնացնում է հոգեկան խնդիրներ ունեցող դատապարտյալներին, Առողջապահության նախարարությունից, սակայն, չեն հստակեցրել, արդյոք այսօր մահացած կալանավորը հոգեկան խնդիրնե՞ր է ունեցել:

Պաշտպանի խոսքով, քրեակատարողական հիմնարկներում հատկապես հոգեկան խնդիրներ ունեցող դատապարտյալներն ունեն պատշաճ բուժօգնություն ստանալու հարցեր, օրինակ՝ ոչ հոժարակամ բուժման հարցում: Շեշտում է՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ազատությունից զրկման վայրերում պետք է ցուցաբերվի պատշաճ հսկողություն, մատուցվի հոգեբուժական բավարար օգնություն և սպասարկում:

«Քիչ չեն դեպքերը, երբ ծայրահեղ քայլի դիմում են հոգեկան խնդիրներ ունեցողները»

Բանտերում դիտորդություն անող հասարակական խմբի անդամ Շուշան Խնկոյանի խոսքով, քիչ չեն դեպքերը, երբ ծայրահեղ քայլի դիմում են հոգեկան խնդիրներ ունեցողները: Սա նշանակում է, որ խոցելի այդ խումբն իսկապես պատշաճ բուժօգնություն չի ստանում, նրանց հիմնականում ցավազրկողներ են տալիս, բուժումը թերի է ու առողջական բուն խնդիրը մնում է չլուծված՝ ընդգծում է դիտորդը: Խնկոյանի կարծիքով, երբեմն անհրաժեշտ է այդ մարդկանց տեղափոխել հիվանդանոց, ոչ թե՝ պահել բանտի պատերի մեջ:

«Մարդիկ հիմնականում դիմում են ծայրահեղ քայլերի առաջին հերթին ելնելով իրենց առողջական վիճակից, որպեսզի կրկին ուշադրություն հրավիրեն այդ խնդրին, պայմանական վաղաժամկետ ազատման դիմումների մերժման խնդիրների և այլն, խնդիրները բազմազան են», - նշեց նա:

Առողջապահության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնում շարունակում են պնդել՝ ազատազրկվածները ստանում են պատշաճ բուժսպասարկում, դեղերը ժամանակին են գնում, անհրաժեշտության դեպքում էլ տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոցներ: Իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանը, սակայն, պնդում է՝ այսպես են ասում, բայց երբ խոսում ես դատապարտյալի հետ, ամեն ինչ հերքվում է:

Դեռ 2021-ին էր վարչապետ Փաշինյանը նախընտրական հանդիպման ժամանակ խոսել բանտային կյանքի բարելավման մասին: Չորս տարի անց, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում տասնյակ խնդիրներ է առանձնացրել՝ սննդից մինչև վատ պայմաններ:






XS
SM
MD
LG