Հայաստանի վարչապետն այսօր հաստատեց՝ տարածաշրջանային ապաշրջափակման հիմնական քննարկվող տարբերակն ամերիկյան առաջարկն է, որի շուրջ դեռ համաձայնություն չկա, թե ինչո՞ւ, Նիկոլ Փաշինյանը մոտ 5 ժամ տևած ասուլիսի ընթացքում այդպես էլ չպարզաբանեց:
Անցած շաբաթ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն էր հայտարարել՝ Միացյալ նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որն Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին, մինչ այդ էլ «Քարնեգի» հիմնադրամից էին հայտնել՝ Վաշինգտոնից Երևանին ու Բաքվին ապաշրջափակման վերաբերյալ առաջարկ են ներկայացրել:
Այսօր Նիկոլ Փաշինյանը դարձյալ շեշտեց, թե ապաշրջափակման հարցով ցանկացած քննարկում լինելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքներին համապատասխան:
Պնդելով, թե ճանապարհի արտապատվիրակման դեպքում չի խախտվելու Հայաստանի ինքնիշխանությունը, վարչապետը որպես օրինակներ թվարկեց «Հարավկովկասյան» երկաթուղին, «Զվարթնոց» օդանավակայանը, որոնք թեև կառավարման են հանձնված, բայց Հայաստանի սեփականությունն են:
Ի՞նչ բանակցություններ են կոնկրետ Սյունիքի ճանապարհի մասով
Վարչապետը մանրամասնեց՝ քննարկում են ընկերության ստեղծում, ենթադրաբար նկատի ուներ ամերիկյան կողմի հետ, որը ներդումներ կներգրավվի՝ ենթակառուցվածքների ստեղծման համար: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ բացի ավտոճանապարհներն ու երկաթուղին, խոսքը նաև էլեկտրահաղորդման գծերի, մալուխների և այլ ենթակառուցվածքների ստեղծման մասին է: Իսկ այդ տնտեսությունը, ինչպես Փաշինյանը ձևակերպեց, հայկական կողմի տրամաբանությամբ կարող է և պետք է լինի Հայաստանի սեփականությունը:
«Խոսքն այստեղ այդ տնտեսությունը կառավարելու և դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է: Նաև շատ քննարկվում է մասնավորապես վարձակալության մասին է խոսվում, ներառյալ քննարկվում է հողի վարձակալության թեման, ուզում եմ ասել, որ մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք, ու այդ իրավունքի տրամաբանությամբ, այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները նաև որոշակի պայմաններում այդ պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը», - ներկայացրեց վարչապետը:
Սյունիքի ճանապարհին ևս հայ սահմանապահնե՞րն են ստուգումներ իրականացնելու
«Զվարթնոց» օդանավակայանում, օրինակ, հայ սահմանապահներն են, սա նշանակո՞ւմ է, որ Սյունիքի ճանապարհին ևս հայ սահմանապահներն են ստուգումներ իրականացնելու և առհասարակ Հայաստանի պետական իրավասու կառույցները ի՞նչ գործառույթ են իրականացնելու, ամերիկյան այդ ընկերությունը՝ ի՞նչ: Այս հարցին Նիկոլ Փաշինյանը շատ ընդհանուր պատասխանեց՝ առանց գործառույթները հստակ նշելու:
«Սահմանապահները հիմնականում, չնայած հիմա կանգնած ե, սահմանապահները հիմնականում կանգնում են սահմանին, ոչ թե ճանապարհին, սա կարևոր նրբություն է: Սահմանապահները լինում են սահմանին, այո, լինում են նաև ճանապարհին, լինելու են արդյոք հայաստանցի սահմանապահներ, այո, լինելու են», - ասաց նա:
Փաշինյանը նաև մանրամասնեց՝ տեխնոլոգիաները թույլ կտան, որ մարդկանց միջև կոնտակտ չլինի, բայց ոչ մի խոսք այն մասին, թե Ադրբեջանի տարածքով հայաստանցիների անցման դեպքում ինչպես է այդ հարցը լուծվելու. - «Տեղի է ունենում բանի կոնտակտ, կենսաչափական անձնագրով մարդն առնչվում է... երբ որ կարմիր լույս է վառվում այդ ժամանակ որոշակի գործառույթներ կան, էդ էլ պետք է ճշգրտվի, թե ոնց է արվում»:
Ճանապարհների ապաշրջափակման հարցը Երևանն ու Բաքուն հինգերորդ տարին է քննարկում են, տարաձայնությունների պատճառով այն անցած տարի հանվեց խաղաղության պայմանագրի տեքստից: Ադրբեջանը մշտապես պահանջել է անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհ դեպի Նախիջևան, Երևանը հայտարարել՝ կողմ է ապաշրջափակմանը, եթե սա տեղի ունենա Հայաստանի համար չորս սկզբունքային կետերի՝ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության և փոխադարձության պահպանմամբ:
Այսօրվա ասուլիսին Նիկոլ Փաշինյանը փոխադարձության մասին ոչինչ չասաց մինչ այն պահը, երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ մինչ այժմ Երևանի պնդած փոխադարձության սկզբունքը պահպանվելո՞ւ է: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ հարցը քննարկում են այդ տրամաբանությամբ: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանում էլ Հայաստանի համար կգործի նույն անցման նույն ռեժիմը, և եթե Բաքուն չհամաձայնի, ապաշրջափակում չի՞ լինի: Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, նշեց՝ Ադրբեջանի դեպքում այլ է, իրենք երկաթուղի ունեն:
«Խնդիրը հետևյալն է, որ Ադրբեջանի տարածքում, ըստ էության, այդ երկաթուղին կա, մեր տարածքում է, որ բացակայում է: Ընկերությունը, որի մասին դուք ասում եք, ամենակարևոր գործառույթներից մեկը ներդրումային գործառույթն է, ներդրումներ հավաքելու ու բերելու, ներդրումներն իրականացնելու գործառույթն է», - ընդգծեց վարչապետը:
Բացի ներդրումներն, ըստ Փաշինյանի, այդ կազմակերպությունը այլ գործառույթներ ևս կունենա. - «Բազմաթիվ գործառույթներ կան. անվտանգության գործառույթ կարո՞ղ է իրականացնել, այո, որովհետև օրինակ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» էլ, օդանավակայանն էլ ունեն ծառայություններ, իրենց ներքին անվտանգության ծառայությունն ունեն, անվտանգությունն օդանավակայանում ապահովվում է հիմնականում Հայաստանի պետական մարմինների կողմից, բայց աշխարհի բոլոր օդանավակայանները ունեն իրենց անվտանգության ծառայությունը, ասեմ, որ հանկարծ չստացվի, թե մենակ մենք ունենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապաշրջափակման թեմայով նախկինում ընդգծել է՝ Սյունիքի ճանապարհի հատվածը, որ Բաքուն պահանջում է, ընդհանուր ճանապարհների ապաշրջափակման հարցում ենթահարց է: Այսօր նրան ուղիղ հարցրինք սա նշանակո՞ւմ է, որ բոլոր ճանապարհները բացվելու են միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն այս հարցը թողեց անպատասխանը:
Շատ կարճ այսօր խոսեց Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրից, ասաց՝ նախաստորագրման շուրջ քննարկումներ կան: Եվ Հայաստանը խաղաղության ճանապարհին ոչ մի տարբերակ բաց չի թողնելու: