Ի՞նչ է ենթադրում Սյունիքի ճանապարհի արտապատվիրակումը. հենց այս տերմինն է վերջին շրջանում կիրառվում՝ Հայաստանով դեպի ադրբեջանական Նախիջևան ճանապարհի մասին: Վարչապետ Փաշինյանն այսօրվա ասուլիսում այս մասին խոսելիս բերեց «Զվարթնոց» օդանավակայանի, Հարավկովկասյան երկաթուղու, ջրային համակարգի, Հայփոստի օրինակները:
«Ե՛վ երկաթուղին, և՛ օդանավակայանը, և՛ ջրային համակարգը շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը: Օրինակ, քննարկվում է որևէ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ, որովհետև կարող եք պատկերացնել, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ինչ ահռելի ներդրումային պոտեցիալ ունի: Մենք շատ խոսում ենք երկաթուղու, ավտոճանապարհների մասին, բայց այս համատեքստում խոսք է գնում նաև խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, հեռահաղորդակցության մալուխների մասին, և դա մի տնտեսություն է, որ պետք է կառավարվի, ու ստեղծվի», - հայտարարեց վարչապետը:
Անդրադառնալով ճանապարհի վարձակալությանը, որի մասին օրերս խոսել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, Փաշինյանն ասաց. - «Մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք, և այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները որոշակի պայմաններում այդ պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են ՀՀ սեփականությունը»:
Վարչապետն ասաց՝ քննարկվում են և քննարկվել են ամենատարբեր գաղափարներ, բայց վերջնական պայմանավորվածություն չկա:
Փաշինյանը դարձյալ շեշտեց՝ Հայաստանը շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով:
«Մենք բոլոր այդ գործընթացները պատկերացրել ու պատկերացնում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում», - ասաց Հայաստանի վարչապետը:
Տե՛ս նաև այստեղ