Չեռնոգորական «Արսենալ Տիվատ» ֆուտբոլային ակումբը 10 տարով զրկվել է եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցությունից, իսկ ակումբի մի շարք պաշտոնյաներ ու ֆուտբոլիստներ ցմահ, որոշ դեպքերում էլ 10 տարով որակազրկվել են ենթադրյալ պայմանավորված խաղի համար։
Ըստ Associated Press-ի՝ վիճահարույց խաղը անցկացվել է Երևանի «Ալաշկերտ»-ի հետ 2023/24 թվականի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, դրան հաջորդել էր UEFA-ի համապատասխան հետաքննությունը։
«Արսենալ Տիվատ»-ի հետ երևանյան հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով, իսկ Չեռնոգորիայում «Ալաշկերտ»-ը մրցակցին հաղթել էր 6-1 հաշվով։ Ընդ որում, 6 գոլերից երկուսը «Ալաշկերտ»-ը խփել էր մրցավարի կողմից խաղավերջին ավելացրած րոպեների ընթացքում։ Բացի ակումբի առանձին ֆուտբոլիստների ու ղեկավար կազմի որակազրկումները, «Արսենալ Տիվատ»-ին նաև առաջադրվել է 500 000 եվրոյի չափով տուգանք։
UEFA-ն մանրամասն չի ներկայացրել պայմանավորված խաղ անցկացնելուն ուղղված «Արսենալ Տիվատ»-ի գործողությունները։
FIFA-ն առաջարկել է UEFA-ին ընդլայնել «Արսենալ Տիվատ»-ի պատիժն ու չեռնոգորական ակումբին զրկել աշխարհի բոլոր ակումբային մրցաշարերին մասնակցությունից։