Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավտոշարասյունը համեմատեց հանրային տարնսպորտի հետ, երբ լրագրողը հարցով հիշեցրեց, որ նրա ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի կնոջն ու մինչև հիմա որևէ մեկը պատասխանատվություն չի կրել:
«Հասկանո՞ւմ եք՝ իմ շարասյունը չի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է: Այսինքն՝ ես նստած եմ, ինձ սպասարկող մեքենայի մեջ ու երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք: Ես զանգել եմ, ցավակցել եմ, ցավում եմ», - ասաց վարչապետը:
2022-ի ապրիլին Լեո-Պարոնյան խաչմերուկում էր ողբերգական դեպքը պատահել: Հղի կնոջ հարազատները մինչև հիմա պնդում են, եթե նախքան վարչապետի շարասյան անցնելը խաչմերուկը պատշաճ փակ լիներ, ապա Սոնա Մնացականյանը ճանապարհի վտանգավոր գոտում հայտնվելու հնարավորություն չէր էլ ունենա: Ավելի քան 3 տարի է, ինչ այս գործը դատարանում է, գործով միակ մեղադրյալը ավտոշարասյան ուղեկցող մեքենայի վարորդն է, նա անազատության մեջ է մնացել ընդամենը մի քանի օր, ավելին՝ դեռ շարունակում է իր աշխատանքը:
«Դատական պրոցես է գնում, ի՞նչ անեմ ես, ես նույնիսկ վկա չեմ այդ գործով, որովհետև ես չեմ էլ տեսել», - նշեց Փաշինյանը:
Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանն արձագանքելով Փաշինյանի այսօրվա խոսքերին, հիշեցրեց, որ ինքը մի քանի անգամ բարձրաձայնել է իր կասկածների մասին, այն է՝ պետական մակարդակով ամենաբարձր միջամտություն կա այս գործով: Հակառակ դեպքում ասում է՝ չնայած փորձաքննությունն ապացուցել է, որ վարորդը գերազանցել է արագությունը, բայց նա դեռ ազատության մեջ է, ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ այդպես էլ քրեական հետապնդում չհարուցվեց. քրեական գործի դատաքննությունն ու նախաքննությունն առկախված է, անհետացել են մեքենաների միջև ռադիոկապի ձայնագրությունները և այլն:
«Ինքը ունի այնքանով կապ, որ իր ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել հղի կնոջն ու արդյունքում որևէ մեկը քրեական պատասխանատվության դեռևս չի ենթարկվել: Դա է, որ տուժող կողմի մոտ տպավորություն է ձևավորվել, որ կա մի բան, որը հայտնի չի մեզ, կա միջամտության, արագացման վերաբերյալ ներքին հարց, որը թաքցվում է»,- ասաց փաստաբանը:
Գործով միակ մեղադրյալ Արամ Նավասարդյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, փաստաբանը պնդում է, որ նա չի գերազանցել արագությունը: Իսկ վարչապետի շարասյան հարվածից կյանքից զրկված կնոջ ընտանիքի փաստաբանը հիշեցնում է Փաշինյանի ֆեյսբուքյան մի քանի գրառում ու քրեական մի քանի գործեր և եզրահանգում՝ նա իրավապահների աշխատանքին միջամտելու հակում ունի: