Մատչելիության հղումներ

Լրացավ վարչապետի շարասյան հարվածից մահացած հղի կնոջ մահվան 3-րդ տարին


Սոնա Մնացականյան
Սոնա Մնացականյան

Այսօր լրանում է վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան երրորդ տարին:

Մեքենան Սոնային վթարի էր ենթարկել Պարոնյան - Լեո խաչմերուկում: Միակ մեղադրյալը մեքենայի վարորդ, կապիտան Արամ Նավասարդյանն է: Նա ազատության մեջ է, շարունակում է պաշտոնավարել:

Զոհված կնոջ հարազատները պարբերաբար դժգոհում են դատական նիստերի ձգձգումից՝ մտավախություն ունենալով, որ դրա նպատակը այն է, որ անցնի գործի վաղեմության ժամկետը:

Այսօր այդ ողբերգական վայրում 6:30-ին հիշատակի միջոցառում է անցկացվելու:

Երիտասարդ կնոջ մահից հետո, նրա ամուսինը, քույրն ու ընկերները Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ են սահմանել տեխնոլոգիաների, գիտության, կանաչ էներգիայի ոլորտներում ներգրավված 10 կնոջ: Կրթաթոշակները տրամադրելու համար դրամահավաք էր կազմակերպվել:

Համբուրգում կրթություն ստացած Սոնան իր դանիացի գործընկերոջ հետ Հայաստանում հիմնադրել էր «ԶԵՎԻԹ»-ը, որն IT ծառայություններ էր մատուցում քամուց մաքուր էներգիա արտադրող և քամու տուրբիններ սպասարկող արտասահմանյան ընկերություններին: Սոնան նաև բարեգործությամբ էր զբաղվում, ղեկավարում էր Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախում կառուցվող «Թևեր» տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնը: «Աջակցենք մեր հերոսներին» կազմակերպության հիմնադիր անդամ էր: Դեռ երկու տարի առաջ Արցախում իր հերթական ծրագիրը ներկայացնելիս ասել էր. - «Սա շատ կարևոր է հիմա Հայաստանում և Արցախում՝ քաղաքացիական կրթության ներդրումը, որ մարդիկ ազնիվ քաղաքացի մեծանան: Սա արվում է ոչ թե ձևի համար, այլ իրոք արվում է լավ ապագա ունենալու համար՝ Հայաստանի ու Արցախի»:

Եթե չլիներ այս ողբերգական պատահարը, 28-ամյա Սոնան երկու ամիս անց դստրիկի մայրիկ կդառնար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG