Իշխանությունը «վախեր չունի» Սամվել Կարապետյանի նոր ուժից. ո՞ր ուժերն են գործարարին համախոհ համարում

ԱԱԾ մեկուսարանում շուրջ մեկ ամիս գտնվող Սամվել Կարապետյանն այսօր հայտարարեց նոր քաղաքական ուժի ստեղծման մեկնարկի մասին:

Բանտից արված իր հայտարարության մեջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը հատուկ ընդգծում է՝ հարգելով մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին, իր քաղաքական ուժը ձևավորվում է նոր թիմով և իրենց պատկերացումներով:

Թե ովքե՞ր են լինելու այդ նոր թիմի անդամները, պարզ չէ: Միլիարդատեր գործարարն առանց փակագծեր բացելու միայն նշում է, որ իր կողմից ստեղծվող այդ ուժը պատրաստ է համագործակցել համախոհների հետ:

«Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ», - նշել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ է առաջնորդելու Սամվել Կարապետյանի նոր ձևավորվող շարժումը

Սամվել Կարապետյանը նաև նշում է նպատակներ, որոնց շուրջ է փորձելու համախմբել ժողովրդին: Բարձրաձայնելով սևերի և սպիտակներ բաժանմանը, հասարակության պառակտմանը վերջ դնելու ու ներքին համերաշխությունը վերականգնելու մտադրության մասին, գործարարն, ինչպես նախորդ հայտարարություններից մեկում, այս անգամ էլ հստակ ուղերձ է հղել իշխանության ներսում գտնվողներին, նշելով, որ այնտեղ էլ կան պարկեշտ ու արհեստավարժ մարդիկ:

«Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը։ Նույնիսկ այսօրվա վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժեքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից։ Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։
Անելո՛ւ ենք՝ մեր ձևով», - ընդգծել է Կարապետյանը։

«Տաշիր գրուպ»-ի սեփականատերը քաղաքական նոր ուժ ստեղծելու մտադրության մասին հայտարարեց հուլիսի 4-ին, շեշտելով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն այլևս անելիք չունեն Հայաստանում: Տասն օր անց արդեն Կարապետյանը խոսում է նոր թիմի ձևավորման մասին: Ո՞վ է ղեկավարելու այդ ուժը, արդյոք գործարարն ինքը մեկուսարանից կիրականացնի կուսակցության նախագահի լիազորությունները, թե՞ դրանք կվերապահվեն մեկ ուրիշին, առայժմ պարզ չէ: Սակայն դիրքավորվելով իբրև նոր թիմով՝ նոր ուժ, Կարապետյանը հատուկ ուղերձ է հղում ընդդիմադիրներին՝ պատրաստ է համագործակցել համախոհների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը անելիք չունեն Հայաստանում». Սամվել Կարապետյան

Ո՞ր ուժերն են Սամվել Կարապետյանին իրենց համախոհ համարում

Իսկ ո՞ր ուժերն են Սամվել Կարապետյանին իրենց համախոհ համարում:

«Ազատության» հարցին՝ «Սամվել Կարապետյանին ձեզ համախոհ համարո՞ւմ եք», Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պատասխանեց. - «Այո, որովհետև ինքը հստակեցրել է, որ իր առաջնային նպատակն իշխանափոխությունն է»:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հստակեցնում է՝ Հանրապետականը համախոհ է համարում բոլոր այն ուժերին, որոնց առաջնային նպատակը իշխանափոխությունն է: Իսկ Սամվել Կարապետյանի առայսօր արված բոլոր հայտարարություններից, ըստ Մամիջանյանի, հետևում է, որ նրա առաջնային նպատակը հենց իշխանափոխություն է:

Արդյո՞ք կալանավորված գործարարի և Սերժ Սարգսյանի թիմերի միջև կան շփումներ: Հանրապետական պատգամավորը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է. - «Ես սովորություն չունեմ աշխատանքային շփումների մասին հրապարակայնացնել»:

Արդյոք Հանրապետականում համաձա՞յն են Սամվել Կարապետյանի այն մոտեցմանը, որ պետք է բացառել սևերի ու սպիտակների բաժանումը, և որ իշխանության ներսում էլ կան անձինք, որոնց հետ հնարավոր է համագործակցել: Մամիջանյանը հիշեցնում է՝ դեռևս այս տարվա ապրիլին Հանրապետականի 35-ամյակին նվիրված նիստում Սերժ Սարգսյանը խոսեց իշխանափոխությունից հետո իրականացվելիք երեք հիմնական անելիքների մասին, որոնցից առաջինը հենց համերաշխության մթնոլորտի ձևավորումն է ու հասարակության մեջ բաժանարար գծերի վերացումը:

«Առաջինը երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծումն է: Իհարկե, սա ոչ մի կերպ չի նշանակում անպատիժ թողնել ավանտյուրիստներին, չի նշանակում անպատիժ թողնել ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները: Ավելին, սա նշանակում է խստագույն պատժի ենթարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հետ խնդիր ունեցող ցանկացած մեկին», - հայտարարել էր Հայաստանի երրրոդ նախագահը:

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ողջունում է Սամվել Կարապետյանի կողմից նոր ուժի ստեղծումը, վստահեցնում է՝ խանդով կամ չարությամբ չեն վերաբերվում այդ փաստին:

«Որքան ընդդիմադիր դաշտում կայացած ուժեր լինեն, այնքան Նիկոլի հեռացման միջավայրը մեր երկրում ավելի բարենպաստ կլինի: Հետևաբար՝ մենք ողջունում ենք ցանկացած միավորի ներկայություն, ով իրական ընդդիմադիր պայքար կծավալվի այս իշխանությունների դեմ», - «Ազատության. հետ զրույցում հայտարարեց Սաղաթելյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցության պատգամավորը, սակայն, այս պահին կոնկրետ չի պատասխանում՝ արդյո՞ք Սամվել Կարապետյանի ուժը հենց այն միավորն է, որի հետ պատրաստ են համագործակցել:

«Բոլոր հարցերի պատասխանը ժամանակը կտա, բայց ներկայացրած քաղաքական հայտը շատ հասկանալի է և ողջունելի», - նշեց Իշխան Սաղաթելյանը:

Իշխանությանը «մտահոգում է թերևս այնքանով, որ ՌԴ քաղաքացին փորձում է խառնվել ՀՀ ներքաղաքական կյանքին»

Իշխանությունից, մինչդեռ, վստահեցնում են՝ բացի այն հանգամանքից, որ Սամվել Կարապետյանը նաև Ռուսաստանի քաղաքացի է, այլ մտահոգություն չունեն:

«Մտահոգում է թերևս այնքանով, որ Ռուսաստանի քաղաքացին փորձում է խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Պաշտոնյան պնդում է՝ վախեր չունեն, որ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը քաղաքական ուժ է ստեղծում: Չախոյանը իբրև հիմնավորում նշում է, թե 2018-ից հետո տարբեր ուժեր են ի հայտ եկել, և հանրությունը տեսել է, թե նրանք ինչ պոտենցիալ ունեն եւ ինչի են ընդունակ:

«2026 ընտրությունները, կարելի է ասել, մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել. բոլորդ կհամոզվեք էդ հարցում, թե ինչ աջակցություն ունի իշխանությունը ներկայիս գործող և ինչ աջակցություն ունեն էդ նոր ձևավորվող ուժերը», - հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Ի դեպ, թեև իշխանությունից վստահեցնում են, թե վախեր չունեն, սակայն Սամվել Կարապետյանն այսօր մեկուսարանից հայտարարել է՝ հուլիսի 4 ի հանրահավաքը հաստատեց իշխանության գլխավոր վախը: