Մայրն ահազանգում է՝ որդուն առողջական լուրջ խնդիրներով բանակ են զորակոչել

Անահիտ Վարդանյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 16-ը հուլիսի, 2025թ.

«Ես հիմա ձեռքերս ծալած նստեմ, կնշանակի, որ սպասում եմ՝ հաշմանդամության սայլակին ընդունեմ իմ տղային». - Անահիտ Վարդանյանն ահազանգում է՝ որդուն՝ 21-ամյա Էդգար Ղազարյանին հուլիսի 3-ին առողջական լուրջ խնդիրներով բանակ են զորակոչել։ Ասում է՝ դեռ տարիներ առաջ տղան մարզվելիս ծնկահոդի մենիսկն է վնասել, դրանից հետո՝ ցավերի մեջ է, դժվարանում է քայլել, որոշ դեպքերում՝ տևական ժամանակով։

«Մանավանդ եթե եղանակի փոփոխություն է լինում, լինում է, որ ինքը ընդհանրապես չի կարողանում քայլել, և ծունկը միշտ կապված վիճակում է, պարտադիր», - «Ազատության» հետ զրույցում նշեց կինը:

Առողջական խնդրի պատճառով Էդգարը երկու անգամ մեկ տարով տարկետում է ստացել՝ բուժման համար։ Չնայած տղայի վիճակն անցած երկու տարում չի լավացել, նա չի վիրահատվել, Կենտրոնական բժշկական հանձնաժողովն այս տարի որոշել է, որ պիտանի է ծառայության, բայց՝ սահմանափակումով։

Մոր խոսքով՝ որոշումը բողոքարկել են, սակայն նոր բուժզննում չի անցկացվել. - «Հունիսի 22-ին կանչեցին, մեծ հույսեր ունեինք, որ նոր բժշկական զննության համար են կանչում, բայց բժիշկն ասել էր՝ «բայց ես քեզ արդեն ասել եմ, որ դու պիտի գնաս ծառայության, ինչի՞ ես նորից եկել»:

Ըստ Վարդանյանի՝ վիրահատության չեն գնացել, քանի որ վստահ չեն, թե այն կօգնի, բժիշկներից էլ երաշխիքներ չեն ստացել, որ որդու վիճակն է՛լ ավելի չի վատանա։ Տղան նաև գանգատներ ունի մեջքի հատվածում ուժգնացող ցավերից, բայց, մոր խոսքով, դրա համար զորակոչի ընթացքում չի ուղեգրվել որևէ հետազոտության։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի խոսքով՝ զորակոչի հետազոտություններով չի որոշվել Էդգարի ծնկահոդի ֆունկցիայի վնասման աստիճանը։ Դա, ըստ բանակի հարցերով զբաղվող փորձագետի, որոշիչ նշանակություն ունի ծառայությանը զորակոչիկի պիտանիության սահմանման համար։

«Նույնիսկ այս դեպքում, երբ որ պարտադիր է որոշել գործառույթի խանգարման աստիճանը հիվանդության, տվյալ դեպքում զորակոչի ժամանակ որոշված չի եղել, որը բողոքարկման հիմք է հանդիսացել կազմակերպության համար: Եվ, բնականաբար, բողոքարկման հիմք է հանդիսացել նաև այն, որ նախորդ զորակոչին ստանալով տարկետում նույն առողջական խնդրով և չունենալով որևէ դրական փոփոխություն առողջական վիճակի մեջ՝ զորակոչիկը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար. սա ևս հիմք է հանդիսացել, որպեսզի մենք բողոքարկենք Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը պիտանության վերաբերյալ», - «Ազատությանն» ասաց Մովսեսյանը:

Նորակոչիկի մայրն ասում է՝ ծառայության հենց սկզբից տղայի առողջական վիճակը վատթարացել է։ Պնդում է՝ չնայած նա ճանաչվել է սահմանափակումով պիտանի, լիարժեք ներգրավվել է ծառայության մեջ, ակտիվ մարզումներին, ինչը տղան ի վիճակի չէ. Էդգարը ցավերը դեղերով է մեղմում։

«Ես ընկերներից իմացա, որ ինքը գիշերները ցավից չի քնում: Ինքը ինձ ոչինչ չի ասում, բայց ես ընկերներից իմացել եմ, որ իր վիճակը շատ ավելի վատ է, քան թե ինքը ներկայացնում է մեզ՝ պարզապես որպես տղա չի ուզում էդպես մանրամասն ասի», - նշեց Անահիտ Վարդանյանը:

Անգամ տղայի ինքնազգացողությունն է վատացել, մի անգամ տարել են հոսպիտալ. ծնկահոդում հեղուկ են ախտորոշել։ Չնայած ցուցմանը, որ տղան բուժկետի վերահսկողության տակ մնա, ասում է՝ նրան շարունակել են ներգրավել ակտիվ վարժանքներին։

«Ժամկետային զինծառայության սահմանափակումները պետք ա բերվեն նվազագույնի», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ հարցնեմ՝ պարոն վարչապետ, այդ ցուցակից, էս երկրորդ զինակոչն է, որ հիվանդները բոլորը պիտի գնան, այդ ցուցակից քանի՞ օլիգարխի երեխա գնաց», - հայտարարեց Էդգարի մայրը:

Կինը տագնապած է՝ երդման արարողությանը դեռ երկու շաբաթ կա։ Մինչ այդ տղայի առողջական վիճակը կարող է վատթարանալ, ու քայելու հետ կապված խնդիրներ առաջանան. - «Ինձ ավելի շատ հետաքրքրում է մինչև երդման արարողությունը կամ բուժկետով էդ հարցը լուծվի, որ ինքը չմասնակցի էդ ֆիզիկական վարժություններին, կամ, եթե հնարավոր է, թող տան՝ ես տանեմ քաղաքացիական հիվանդանոց, իմ ֆինանսներով իրեն բուժեմ»:

«Ամառային զորակոչի ընթացքում ավելի քան 40 անձ է դիմել մեզ, դեռևս զորակոչը շարունակվում է, և վերջին շաբաթների ընթացքում ավելի շատ են դիմողները լինում, 70 տոկոսից ավելին, կարող եմ ասել, որ դիմել են հենց առողջական վիճակի խնդիրների հետ կապված անհամաձայնություններով պայմանավորված», - ասաց Նազելի Մովսեսյանը:

Հունիսի 23-ից մեկնարկած ամառային զորակոչից բազմաթիվ բողոքներ են ստանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում։ Իրավապաշտպանն ասում է՝ բողոքները հիմնականում զորակոչի շրջանակում թերի բժշկական հետազոտություններից են:

«Գանգատները հաշվի չեն առնվում զորակոչիկների կողմից բարձրաձայնված, և հիմնականում լինում են նաև դեպքեր, երբ զորակոչային բժշկական հանձնաժողովները լսում են գանգատները, բայց բանավոր ինչ-որ ախտորոշում են տալիս՝ ասելով, որ «քո մոտ ամեն ինչ նորմալ է, տեսքից առողջ երիտասարդ ես, կգնաս կծառայես, կվերադառնաս»: Այսինքն՝ այս մոտեցումը, որը բացարձակապես անթույլատրելի է զորակոչի շրջանակներում և ընդհանրապես զինվորական ծառայության պիտանիության որոշման հարցում, դեռևս, ցավոք, շարունակվում են նման մոտեցումները», - ընդգծեց Նազելի Մովսեսյանը:

Պաշտպանության նախարարությունն, անդրադառնալով այս բողոքներին, հայտնում է՝ կան բողոքարկելու ընթացակարգեր, և գերատեսչությունը պատրաստակամ է ուսումնասիրելու դրանք և ծագած խնդիրներն օրենքի սահմաններում լուծելու: Ընդգծում են, թե ցանկացած արձագանք ստանում է պատշաճ ընթացք:

Մինչդեռ բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանները տարիներ շարունակ ահազանգում են, որ բանակ են զորակոչվում առողջական խնդիրներով երիտասարդներ, և ամեն տարի ոչ մարտական պայմաններում մահեր են գրանցվում։

Անցած կես տարում բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված 10 մահերից 3-ը, իսկ 2024-ին՝ 36 մահերից 5-ը զինվորների առողջական խնդիրների հետևանք են եղել: