«Խնդրում եմ պահանջել ազատ արձակել Կարապետյանին և Աջապահյանին». Մարուքյանի նամակը՝ Լայենին և Կոշտային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի ֆոնին «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանy նամակով դիմել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային: «Խնդրում եմ պահանջել Հայաստանի Հանրապետության վարչապետից՝ շուտափույթ կերպով ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին», - գրել է Մարուքյանը։

«Մեր երկրում հենց այս պահին հարցազրույց տալու համար ապօրինի կալանավորված է բարերար Սամվել Կարապետյանը, որի հայտարարությունը միտված է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությանը, և միայն այդ պատճառով նա այժմ պահվում է Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի նկուղում (հայ ժողովրդին առավել հայտնի՝ որպես ԿԳԲ-ի պոդվալ)։ Նույն կալանավայրում է գտնվում նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ կրկին հարցազրույց տալու համար։ Հարկ է ընդգծել, որ Միքայել սրբազանը խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածուն է և ունի 36 պատգամավորի ստորագրություն՝ իմպիչմենթի գործընթացի շրջանակներում։ Ուզում եմ տեղեկացնել, որ իշխանական պատգամավորները արդեն սպառնում են փակել Հայաստանում գործող կուսակցություններից մեկը՝ խոսքը Հայ Յեղափոխական Դաշնակցության մասին է»։

Դիմելով Կոշտային և Ֆոն դեր Լայենին, Մարուքյանը խնդրել է բարձրացնել այս հարցերը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Նա կոչ է արել «չդառնալ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ»։

«Տեղի ունեցող գործընթացները չեն համապատասխանում Եվրոպական միության հիմնադիր փաստաթղթերին, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Եվրոպական միության նկատմամբ», - նշված է նամակում։

Բրույսելում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

Մայր Աթոռին պաշտպանող հայտարարությունից հետո ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի մեղադրանքով: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով՝ 2024 թվականին հրապարակված մի հարցազրույցի հետքերով: