Ալիևը Ստեփանակերտում է ոչնչացնում, Փաշինյանի իշխանությունը Երևանում է մեր ձեռքից միակ շենքը վերցնում. Բեգլարյան

Երևանում Արցախի ներկայացուցչության շենքը

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի համար անսպասելի չէր, որ մի օր վարչապետ Փաշինյանի ձեռքերը կհասնեին Արցախից մնացած միակ գույքին՝ Երևանում ներկայացուցչության շենքին: Գլխավոր դատախազությունը դիմել է վարչական դատարան, որ անվավեր ճանաչեն Արցախի կառավարության սեփականության իրավունքը այս շենքի նկատմամբ:

«Արդյոք որևէ իրավական բնույթ այդտեղ կա, ընդհանրապես չկա, քանի որ հստակ սեփականության իրավունք կա գրանցված», - ասաց Բեգլարյանը:

Նաիրի Զարյան հասցեում գտնվող երկհարկանի այս շենքը Արցախի դիվանագիտական նստավայրն է Երևանում: 2017-ից Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականություն է դարձել: Արցախի կորստից ու հայաթափումից հետո սա միակ տարածքն է, որ մնացել է Արցախի կառավարության անունով: Բռնի տեղահանված արցախցիների, վտարանդի կառավարության, պատգամավորների հետ կապի միակ տարածքն է: Սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող արցախցիներն էլ առաջինն այս դռներն են թակում:

Փաշինյանն Ալիևի հետ համագործակցելով՝ ոչնչացնում է Արցախի վերջին սիմվոլը, որ Երևանում է, պնդում է նախկին պետնախարար Բեգլարյանը:

«Համագործակցաբար Արցախի հետ կապված ամեն ինչ ոչնչացնում են, զուգահեռաբար Ալիևն էլ Ստեփանակերտում է Արցախի պետական ինստիտուտների շենքերը ոչնչացնում: Հիմա էլ Փաշինյանի իշխանությունը Արցախի պետական ինստիտուտների Երևանում գտնվող միակ շենքն է ուզում մեր ձեռքից առնի», - նշեց Արտակ Բեգլարյանը:

Ի՞նչ հիմքով են շենքը հետ պահանջում, Գլխավոր դատախազությունը չի հրապարակել: «Ազատության»-ը խոստացել են գրավոր պատասխանել: Ինչո՞ւ են որոշել շենքը արցախցիներից վերցնել, վարչապետ Փաշինյանն էլ հիմնավորումների մասին այսօր ոչինչ չասաց:

Արցախմիության ղեկավարը պնդում է՝ անհիմն ու անօրինական է շենքը վերցնելու որոշումը: Դեռ դատական նիստը չի եղել, բայց Արտակ Բեգլարյանը չի կասկածում, որ այս հարցն էլ կլուծվի այնպես՝ ինչպես քաղաքական մյուս որոշումները:

«Բոլոր հնարավոր քաղաքական ենթատեքստերը և՛ արտաքին քաղաքական, որ Ադրբեջանի պահանջով է, և՛ ներքաղաքական, որ արցախցիներն ամեն դեպքում պայքարում են իրենց իրավունքների համար, բարձրաձայնում ենք, որ տարբեր խնդիրներ կան և՛ ներքին, և՛ արտաքին առումով, թե Արցախի պետական ինստիտուտների իշխանությունների դեմ վրեժխնդրություն՝ Փաշինյանի քաղաքական կուրսը չկիսելու համար և այլն, այս բոլոր պատճառներն ակնհայտորեն առկա են, որ համար ես ասում եմ, որ 100 տոկոսանոց քաղաքական գործ է: Իսկ դատախազությունը հերթական անգամ ուղղակի դառնում է Փաշինյանի իշխանության կատարածուն», - ասաց Բեգլարյանը:

Արցախի վտարանդի կառավարության մասին Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը բացասական է, ու սրա մասին նա խոսել է: Այսօր էլ նույնը կրկնեց. - «Ես չեմ էլ ուզում սեթևեթեմ, ես ուղիղ ասել եմ, որ ես չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության մեջ երկրորդ պետություն լինի: Մեկ, երկու, երեք, չորս, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի»:

Արցախի ներկայացուցչության շենքի իմաստը փոխելու մասին Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանը ամիսներ առաջ էր հայտարարել: Արցախմիության ղեկավար արտակ Բեգլարյանն ասում է՝ ձեռքերը ծալած չեն հետևի Փաշինյանի ու նրա թիմակիցների որոշումներին, քայլեր կանեն, որ պաշտպանեն Արցախի կառավարության սեփականությունը:

«Հիմա պետք է հասկանանք՝ թե ինչպես պետք է կանխենք այս վատ սցենարը, որպեսզի շենքն Արցախի իշխանությունների ձեռքից որևէ կերպ չառնեն, քանի որ դա հենց Արցախի կառավարության սեփականությունն է», - նշեց Բեգլարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետ Փաշինյանը զգուշացնում է Շահրամանյանին՝ Հայաստանում մեկ կառավարություն կա