ԱՄՆ Պետդեպարտամենտը կրճատում է ավելի քան 1300 աշխատակցի

ԱՄՆ Պետդեպարտամենտը կրճատում է ավելի քան 1300 աշխատակցի, հայտնում է Associated Press-ը:

Պետդեպարտամենտի պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, լրատվամիջոցին հայտնել է, որ կրճատման ծանուցումներ են ուղարկվել 1107 քաղաքացիական ծառայողների և 246 օտարերկրյա ծառայության աշխատակիցների։

Associated Press-ի կողմից ձեռք բերված պատճենի համաձայն՝ ծանուցագրերում ասվում էր, որ պաշտոնները «վերացվում են», և աշխատակիցները կկորցնեն մուտքը Պետդեպարտամենտի գլխավոր գրասենյակ, ինչպես նաև իրենց էլեկտրոնային փոստ:

Մինչ աշխատանքից ազատված դիվանագետները իրերն են հավաքել, այսօր տասնյակ ցուցարարներ, այդ թվում՝ դեսպաններ, Կոնգրեսի անդամներ բողոքի ակցիա են անցկացրել պետդեպարտամենտի առջև՝ «Շնորհակալություն Ամերիկայի դիվանագետներին» և «Մենք բոլորս արժանի ենք ավելի լավին» գրություններով։

Մինչ նախագահ Թրամփը և պետքարտուղար Ռուբիոն պնդում են, թե այս կրճատումներն առավել ճկուն և արդյունավետ կդարձնեն նախարարությունը, ընդդիմախոսերը քննադատում են, թե դրանք կթուլացնեն ԱՄՆ ազդեցությունը աշխարհում՝ նվազեցնելով միջազգային ասպարեզում սպառնալիքներին հակազդելու՝ Վաշինգտոնի կարողությունը։

Your browser doesn’t support HTML5

Բողոքի ակցիա՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի դիմաց