Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին


«Ազատության» տեղեկություններով՝ մեղադրանք է առաջադրվել Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին, թե կոնկրետ ի՞նչ հոդվածով կամ հոդվածներով, մեր աղբյուրները դեռ չեն կարող հստակ ասել։

Հակակոռուպցիոն կոմիտեից այս տեղեկությունը հրաժարվեցին մեկնաբանել։

37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել, պաշտոնը լքելու մասին հայտնեց մայիսին՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին:

Փետրվարին «Ազատությունը» պարզել էր, որ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար: Հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ:

Ավելի վաղ համայնքապետի ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում, սրա վերաբերյալ էլ քրեական գործ կա հարուցված: Ավելի քան մեկ տարի առաջ հարուցված այս գործով, սակայն, Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ, որևէ մեղադրյալ չկա:

Սրան զուգահեռ Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի գույքի, եկամուտների հայտարարագրում կան էական անհամապատասխանություններ նրա եկամուտների և հայտարարագրած դրամական միջոցների միջև։ ՔՊ-ական համայնքապետի ընտանիքին առնչվող վերջին պատմությունն էլ, որ ողբերգական ավարտ ունեցավ, Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած սպանությունն էր:


Մանրամասները տե՛ս այստեղ



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG