Արմավիրի մարզի Զվարթնոց համայնքի ջերմոցատերերը բողոքի ակցիայի էին դուրս եկել Երևան-Արմավիր մայրուղում․ ճանապարհի երկայնքով շարել էին իրենց ծաղիկները, ասում էին, որ դրանք արդեն պիտանի չեն ոչ՛ արտահանման, ոչ էլ ներքին շուկայում վաճառքի համար:
Բողոքի ակցիայի դուրս եկած ջերմոցատերերն ու ծաղիկ աճեցնողները պահանջում էին, որ պետական որևէ պաշտոնյա գա և իրենց բացատրի, թե ինչո՞ւ են արգելում, որ իրենց արտադրանքը Հայաստանի սահմանը հատի և դուրս գա ռուսական շուկա:
Դեռ նախորդ ամսվա սկզբին ռուսաստանյան «Ռոսսելխոզնադզոր» գործակալությունն էր զգուշացրել, որ Հայաստանից վարակված ծաղիկներ են մտել Ռուսաստան, և եթե ֆիտոսանիտարական ստուգումների հարցը չլուծվի, հունիսի 16 ից կարգելեն Հայաստանից ծաղիկների ներկրումը Ռուսաստան:
Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր հարց էին բարձրացնում՝ եթե անգամ մի քանի ընկերությունների ծաղիկներ վարակված են եղել, ինչո՞ւ պիտի դրանց պատճառով բոլորը տուժեն:
Սննդի անվտանգության տեսչական մարմինն (ՍԱՏՄ) է զբաղվում այս ոլորտի խնդիրներով: «Ազատության» հետ զրույցում, ինչպես օրեր առաջ, այսօր էլ կառույցի խոսնակն ասաց, որ իրենք սերտ համագործակցում են «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ, և արդեն հայաստանյան 7 ընկերության Ռուսաստանը թույլ է տալիս ծաղիկներ ներմուծել:
«Ակտիվորեն այդ ուղղությամբ զբաղվում ենք, հասկանում ենք, որ մարդիկ հսկայական կորուստներ են կրում: Մենք «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ անցկացնում ենք համատեղ միջոցառում», - ասաց Անուշ Հարությունյանը՝ շարունակելով. - «Բավականին երկար ժամանակ [առցանց] ուսումնասիրում էին մեզ հետ համատեղ` արդյո՞ք առողջ է ծաղիկը, թե՞ ոչ, և գալիս են կոնկրետ լուծման: Առաջիկայում նաև աշխատանքային այցով Հայաստան կգան «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները և մեր մասնագետների հետ համատեղ տեղում կծանոթանան և կտեսնեն, որ մեր արտադրանքն այնքան էլ վատը չի»:
Այսօրվա մի քանի ժամ շարունակված ակցիայից հետո ցուցարարներին հանդիպելու եկավ ՍԱՏՄ «Բուսասսնիտարիայի» վարչության պետ Արթուր Նիկոյանը: Ասաց՝ արտահանման արգելքը ռուսական կողմն է դրել․ ջերմոցների համար պահանջներ է սահմանել: Պաշտոնյան ևս պնդեց՝ սերտ աշխատում են ռուս գործընկերների հետ, ջերմոցներում մոնիտորինգ են անում: Նիկոյանը նաև ներկաներին հրավիրեց վաղը՝ հունիսի 15-ին, ՍԱՏՄ-ում այս թեմայով քննարկման:
Պաշտոնյայի պարզաբանումները, սակայն, ծաղկեգործներին չհամոզեցին, ասացին՝ վաղվա հանդիպմանը կմասնակցեն միայն այն դեպքում, եթե լրատվականներին թույլատրվի այն ուղիղ եթերով հեռարձակել: Հակառակ դեպքում կրկին բողոքի ցույցի դուրս կգան, այս անգամ նաև՝գործողությունների կանցնեն։
Մանրամասները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.