Մինչև վերջին րոպեն՝ օրենքով սահմանված 72 ժամն անցկացնելով անազատության մեջ, անցած շաբաթ մեծ աղմուկով ձերբակալված դաշնակցականներն ազատ են արձակվել. իրավապահները նրանց մեղադրանք ներկայացնելու ապացույցներ չեն գտել: Ընդ որում, Քննչականն օրենքով կարող էր չսպասել 72 ժամը լրանալուն, այլ ավելի վաղ ազատ արձակել նրանց:
«Քանի որ ձերբակալումը համարում ենք փաստացի անօրինական էր, ուզում ենք էնպես ստացվի, որ դատարանի որոշմամբ ձերբակալությունը ճանաչվի ոչ իրավաչափ: Դրանից հետո հնարավոր է նաև հավելյալ իրավունքների համար նաև Վարչական դատարան դիմենք փոխհատուցման պահանջով», - «Ազատության» հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոնը:
Տարոն Մանուկյանը նույնպես երեք օր անցկացրեց անազատության մեջ՝ ձերբակալվածների պահման վայրում: Քննչականն անցած շաբաթ հայտարարեց, որ բացահայտել է ահաբեկչության նախապատրաստության նոր գործ և խուզարկությունների արդյունքում հայտնաբերել է զենքեր, մարտական նռնակ, հեռավար գործարկելու համար դետոնատոր, դրա պարագաները, մարտական նռնակի պայթուցիչ, վառոդ, ռադիոկապի միջոցներ: Որպես առերևույթ հանցագործության ապացույց հրապարակել էին նաև Դաշնակցության ավելի քան մեկդարյա կարգախոսով՝ «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկը:
«Որ ասեմ հեշտ է, հնարավոր չի այսինքն, բացարձակ ապօրինի էր, ու ամեն դեպքում մարդու ուղղակի կտրել իր առօրյա գործերից, կտրել ամեն ինչից ու բացարձակ ապօրինի տանել փակի տակ՝ ուղղակի աննորմանլ երևույթ է», - նշեց Տարոն Մանուկյանը:
Նա «Ազատությանը» պատմեց, որ վաղ առավոտյան իրավապահները մտել էին իր տուն, խուզարկել, առգրավել իր ու անձեռնմխելիությամբ օժտված հոր հեռախոսը, հին համակարգիչ ու հեռացել: Ընդ որում, հոր հեռախոսն առգրավելու իրավունք ու որոշում չունեին, բայց մինչև այս պահն այն պատգամավորին չեն վերադարձրել:
«Քաղաքական հետագա աելի լուրջ բռնաճնշումների էինք սպասում, այսինքն՝ էդ երեք օրվա ընթացքում նաև չէի բացառում, որ կարող է շարունակվի ապօրինությունը, և ուղղակի որևէ կերպ գործ նկարվի, և ինձ անգամ առանց հիմքերի մեղադրանք առաջադրվի», - նշեց Տարոն Մանուկյանը:
Ահաբեկչության նախապատրաստության հոդվածով հարուցված գործով 7 ձերբակալվածներից 5-ն ազատ են արձակվել. Քննչականից փոխանցեցին՝ լրացել է ձերբակալության ժամկետը: Սա նշանակում է, որ նրանց նորից նույն հիմքով չեն կարող ձերբակալել, այսօր Դաշնակցությունում հրավիրված ասուլիսում հայտարարեց Մանուկյանի փաստաբանը: Մկրտիչ Դավթյանն ասաց՝ Քննչականին նոր ապացույցներ պետք կգան:
«Ոչինչ չեն հայտնաբերել, նա զենք-զինամթերք օրինական թե անօրինական չի ունեցել», - հայտարարեց փաստաբանը:
Մկրտիչ Դավթյանը պատմեց, թե ինչպես քննիչը Մանուկյանի պաշտպանությունը ստանձնելու դիմումն ընդունելիս նշել էր՝ «այն կքննարկենք», մինչդեռ պարտավոր էր անհապաղ իրեն ներս թողնել: Ձերբակալման առաջին օրը փաստաբաններին երեք ժամ չէր հաջողվում մուտք գործել Քննչական, որ կարողանային պաշտպանել բերման ենթարկվածներին: Քննչականից էլ փոխանցել էին, թե օրենք չեն խախտում, օրենքով սահմանված կարգով թույլ կտան ներս մտնել:
«Ի՞նչ ա նշանակում կքննարկենք, դուք պարտավոր եք կիրառել օրենքի պահանջը», - հայտարարում էր Դավթյանը:
Փաստաբանները հայտարարեցին՝ մարդկանց մինչև վերջին րոպեն պահելով անազատության մեջ՝ հաստատում են իրենց պնդումները, որ անցած շաբաթ մեծ աղմուկ հանած ահաբեկչության նախապատրաստության գործը քաղաքական է, և այն ուղղված է ընդդիմադիրների՝ հատկապես դաշնակցականների դեմ: Իրավապահները նրանց տներում խուզարկությունից հետո անօրինական առարկաներ չեն հայտնաբերել, ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Քաղաքական հետապնդման ցայտուն դրսևորում է, որը մեկ ամսվա ընթացքում վերջին շատ ավելի ահագնացող մասծտաբների է հասել, ահագնացող թափ է հավաքել», - ասաց Հարությունյանը:
Փաստաբան Մանուշ Եսայանն էլ պնդում է՝ կարևոր չէ, թե ինչ են հայտնաբերել իրավապահները, կարևորն այն է, թե կա՞ն ապացույցներ, որ դրանք օգտագործելու էին ահաբեկչության համար. - «Այստեղ շատ կարևոր է պատճառահետևանքային կապը՝ ո՞ւմ մոտ են այդ զենքերը օրինական, և իրենք ի՞նչ առնչություն կարող են ունենալ որոշակի հանգամանքների հետ: Այդ փաստը որևէ կերպ բացակայում է, և այդ փաստը ուղղակի իրենց մտածածով հիմնավորվում է միայն նրանով, որ տղաները հանդիսանում են որոշակի կուսակցության անդամ»:
Այս գործով կալանքի տակ են 7 ձերբակալվածներից երկուսը միայն: Դաշնակցական Անդրանիկ Չամիչյանին մեղադրում են ահաբեկչության նախապատրաստության, իսկ Ալեքսան Ասատրյանին՝ ապօրինի զենք պահելու համար:
Չամիչյանի տատի տան մոտից իրավապահները հայտնաբերել են սթրայքբոլի պարագաներ, պնդում են, որ դրանք ահաբեկչության համար են: Մինչդեռ դաշնակցականները համացանցում դեռ անցած տարի տարածված կադրերն են վկայակոչում, պնդում, որ դրանով ընդամենը խաղ են կազմակերպել, որին էլ մասնակցել է 18-ամյա Անդրանիկը:
Իրավապահների նշած այդ մեկ մարտական նռակը հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի և այլ մարտական գործողությունների մասնակից Ալեքսան Ասատրյանի տնից: Արցախի իշխանության կողմից մարտական մեդալի արժանացած տղամարդը չի հերքում, որ նռնակն իրենն է, պատերազմից է բերել, բայց պնդում է՝ այն չեզոքացված է, փոխանցեց փաստաբանը:
Դաշնակցականների փաստաբանները պնդում են՝ իրավապահներն այս մի գործը մտադիր են կապել անցած տարվանից վարչապետ Փաշինյանի հրաժարականի համար փողոց ելած Բագրատ արքեպիսկպոս Գալստանյանին առնչվող ահաբեկչության և իշխանության զավթման գործի հետ: Իրավապահները նման պնդում դեռ չեն արել: