Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Չհամարձակվեք խանգարել քրդերի հետ հաշտեցմանը»


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ

«Թուրքիայի պատմության նոր էջը». - Ռեջեպ Թայիփ Էրդողանն այսպես է բնութագրում 1984 թվականից Անկարայի դեմ զինված պայքար մղող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինաթափման գործընթացի մեկնարկը։

«Եկեք չմոռանանք` այսօր մի նոր օր, պատմության մի նոր էջ է բացվում։ Թուրքիայում ավարտին է մոտենում պատմության ամենաերկարատև, տխուր, արցունքներով լեցուն ժամանակաշրջաններից մեկը», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը հնչեց հուլիսի 12-ին՝ Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացի մեկնարկից մոտ 24 ժամ անց։ Հետևելով իրենց առաջնորդ Աբդուլա Օջալանի կոչին՝ շուրջ երեք տասնյակ քուրդ զինյալներ ուրբաթ օրը վայր դրեցին զենքերը։ Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիա քաղաքի մերձակայքում կազմակերպված արարողության ժամանակ լեռնային քարանձավներից դուրս եկած քուրդ մարտիկները խորհրդանշական արարողության ընթացքում այրեցին իրենց պատկանող Կալաշնիկովի ինքնաձիգները։

Ու թեև պաշտոնական Անկարան բավական լավատես է, ընդդիմադիր թուրքական մամուլում կարծիքներ են հնչում, թե 30 քրդերի զինաթափումը եղանակ չի ստեղծում։

Sozcu թերթի մեկնաբան Նաիմ Բաբուրօղլուն, օրինակ, գրում է. - «Արդյո՞ք Քրդական բանվորական կուսակցությունն իրոք վայր է դնում զենքերը, թե՞ պարզապես դրանք փոխանցում է Թուրքիայի սահմաններից դուրս գործող իր մասնաճյուղերին։ Ի վերջո, պետք չէ բացառել, որ կուսակցության իրանական մասնաճյուղն Արևմուտքին կարող է պետք գալ այդ երկրում իշխանափոխություն կազմակերպելու ժամանակ։ Իսկ սիրիական մասնաճյուղի համար Միացյալ Նահանգները գալիք տարի 130 միլիոն դոլարի ֆինանսավորում է նախատեսել։ Արդյո՞ք ամերիկացիներն այդքան միամիտ են, որ պատրաստ են զինաթափվող կառույց ֆինանսավորել», - հարց է ուղղում թուրք մեկնաբանը։

Ռեջեպ Թայիփ Էրդողանի քաղաքական ընդդիմախոսները ևս համոզմված են՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իրական նպատակը ոչ այնքան երկրի հարավ-արևելքում խաղաղության հաստատումն է, որքան քրդերի շահերը ներկայացնող DEM կուսակցությանն իր կողմը գրավելը։ Դա, ըստ ընդդիմության, թույլ կտա Էրդողանին խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների համար բավարար թվով քվեներ ապահովել, ինչն էլ, իր հերթին, Թուրքիայի նախագահի համար ևս մեկ անգամ առաջադրվելու հնարավորություն կստեղծի։

Իշխանության նման հաշվարկների մասին հայտարարում էր Թուրքիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդա-հանրապետականի առաջնորդ Օզգյուր Օզելը։

«Հենց հիմա Թուրքիայում պատմական մի գործընթաց է ծավալվում, պատմական հնարավորություններ են բացվում։ Իշխող կուսակցության համար, սակայն, այդ ամենը ոչ թե դաշինքի ձևավորում է, որը պետք է նպաստի քրդական հարցի լուծմանը, այլ՝ մարտավարական հնարք։ Այդ հնարքի միակ նպատակն էլ իշխանության պահպանումն է», - հայտարարում էր Օզելը։

Իշխանական շրջանակները, այդուհանդերձ, պնդում են՝ երկիրը շատ շուտով կզգա քրդերի հետ հաշտեցման դրական կողմերը։

«Թուրքիան սկսում է հրաժեշտ տալ իր պատմության երկարատև, վշտալի, արցունքներով լեցուն ժամանակաշրջանին։ Որպես այդ ճանապարհին ձեռնարկվող առաջին քայլ՝ խորհրդարանում հատուկ հանձնաժողով կստեղծվի, որը կքննարկի զինաթափման գործընթացի առաջնահերթ կարիքները», - հայտարարում էր Էրդողանը։

Թուրքական մամուլի տեղեկություններով՝ երկրի խորհրդարանի նախագահն արդեն այս շաբաթ կհանդիպի խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով հաշտեցման հարցերի հանձնաժողովի ստեղծման հարցը։

Ընդդիմադիրներին Թուրքիայի նախգահը խորհուրդ է տալիս. - «Մի փորձեք քրդերի հետ հաշտեցման գործընթացը սաբոտաժի ենթարկել»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG