Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ժամանակակից տարբեր զինատեսակներ կուղարկի Ուկրաինա, մինչ Ռուսաստանը, Ուկրաինան և ամբողջ աշխարհն սպասում են, թե ինչ կարևոր հայտարարություն կանի Թրամփն արդեն երեք տարուց ավելի ձգվող հակամարտության վերաբերյալ, ինչի մասին ազդարարել էր անցած շաբաթ:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Ուկրաինային կտրամադրեն նաև հակաօդային պաշտպանության Patriot տեսակի հավելյալ համակարգեր, ապա հավելել, որ նոր խմբաքանակի համար ամբողջությամբ կվճարի Եվրոպական միությունը: Թրամփը նաև քննադատել է Ռուսաստանի նախագահին:
«Մենք ոչինչ չենք վճարում դրա համար, բայց ... կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքն ուկրաինացիները շատ ունեն, քանի որ Պուտինն իսկապես շատ զարմացրեց մարդկանց։ Նա գեղեցիկ խոսում է, իսկ հետո երեկոյան բոլորին ռմբակոծում է։ Այնպես որ, այստեղ մի փոքր խնդիր կա։ Ինձ դա դուր չի գալիս», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:
Գերմանիան հայտարարել է, որ բանակցությունները վերաբերում են ավելի քան երեք Patriot համակարգերի: Կառավարության խոսնակը նաև ասել է, որ Ռուսաստանը մեծ զորքեր է կենտրոնացում, հետևաբար պետք է քայլեր ձեռնարկեն Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու համար:
Ամերիկյան Axios-ը իր աղբյուրներին հղումով գրում է, որ Թրամփն այսօր կհայտարարի Ուկրաինային զենք մատակարարելու նոր ծրագրի մասին, որը կներառի ոչ միայն հակաօդային համակարգեր, այլև հարձակողական զենք, որոնք թույլ կտան հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Մոսկվային:
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն, իր հերթին, CBS-ի հետ զրույցում ասել է, որ առաջիկա օրերին ռեկորդային քանակի զենք կմատակարարվի Ուկրաինա, որպեսզի ուկրաինացիները կարողանան պաշտպանվել ռուսական ագրեսիայից:
«Պուտինի ամենամեծ սխալ հաշվարկներից մեկը Թրամփի հետ խաղեր խաղալն է, և առաջիկա օրերին ու շաբաթներին հսկայական ջանքեր կգործադրվեն Պուտինին բանակցային սեղանի շուրջ բերելու համար: Պուտինն իսկապես զայրացրել է Թրամփին։ Նրա հայտարարությունը շատ վճռական կլինի», - հայտարարել է սենատորը:
Այս ֆոնին այսօր Կիև է ժամանել ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը՝ քննարկելու Ուկրաինայի անվտանգության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերը։ Նրան դիմավորել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, որը սոցցանցում գրել է, որ քննարկելու շատ թեմաներ կան՝ պաշտպանություն, անվտանգության ուժեղացում, սպառազինության մատակարարում, պատժամիջոցներ:
Մոսկվան հայտարարել է, թե կարևոր է, որ Քելլոգը շարունակի իր միջնորդական ջանքերը ռուս - ուկրաինական կարգավորման գործում: Կրեմլի խոսնակն ասել է, որ Մոսկվան պատրաստ է ռուս - ուկրաինական բանակցությունների երրորդ փուլին, և դեռ սպասում են Կիևի պատասխանին: Դմիտրի Պեսկովը նաև ասել է, թե անկախ նրանից, թե ով է վճարում, փաստն այն է, որ ԱՄՆ զենքի մատակարարումը շարունակվում է:
«Հիմա ստացվում է, որ մատակարարումների համար կվճարի Եվրոպան … իսկ մի մասի համար՝ ոչ, բայց փաստն այն է, որ զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն Ուկրաինա Միացյալ Նահանգներից շարունակվել և շարունակվում է», - նշել է Պեսկովը:
Ուկրաինայի նախագահն էլ սոցցանցում գրել է, որ ուկրաինական զինուժը պատրաստվում է նոր հեռահար հարվածներ հասցնել հակառակորդին, և ամեն ինչ կանեն ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար։ Երեկոյան ուղերձում էլ ասել է, որ Ռուսաստանին պետք է պարտադրել խաղաղություն:
«Ուկրաինայի նկատմամբ յուրաքանչյուր ոտնձգություն պետք է ստանա ուժեղ և խիստ պատասխան, և այդպես էլ կլինի», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
Ֆրանսիան, որն ակտիվ դեր է խաղացել Ուկրանայի աջակցության եվրոպական ջանքերի համակարգման գործում, հայտարարել է, որ զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը՝ մինչև 2030-ը այն հասցնելով 67 միլիարդ եվրոյի՝ կրկնակի ավելի, քան 2017 թվականին։
Նախագահ Էմանյուել Մակրոնը, ելույթ ունենալով ֆրանսիացի զինվորականների առջև, հայտարարել է, որ Եվրոպան բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենալուրջ սպառնալիքին, երբ կրկին օրակարգում են իմպերիալիստական քաղաքականությունը, տարածքների բռնակցումը և «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: Սակայն Ֆրանսիան պետք է մնա ազատ և իր ճակատագրի տերը, ասել է նա:
«Եկեք պարզ լինենք. այս աշխարհում ազատ լինելու համար քեզանից պետք է վախենան։ Որպեսզի քեզանից վախենան, դու պետք է հզոր լինես: Դրա համար պետությունը պետք է ավելի ուժեղ լինի, քանի որ պետության գործը, առաջին հերթին, իր ժողովրդին պաշտպանելն է», - ընդգծել է Մակրոնը:
Իսկ այս ընթացքում ռազմաճակատում իրավիճակը մնում է լարված: Ռուսական զինուժը երեկ անօդաչուներով հարվածներ է հասցրել Դոնեցկի մարզում, կա երկու զոհ, Սումիում էլ կա մեկ զոհ, մի քանի վիրավոր, ևս երեք մարդ վիրավորվել է Դնեպրոպետրովսկում: Տուժածներ կան նաև Խերսոնում:
Ռուսաստանն, իր հերթին, հայտարարել է, որ ուկրաինական անօդաչուները ևս հարվածել են, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանի ուսումնական կետրոնին: Պատճառված վնասը, սակայն, լուրջ չէ: Ռուսական կողմը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում ևս երկու բնակավայր է գրավել: