Անցած գիշեր ռուսական բանակը անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների վրա։
Հարձակման մեջ օգտագործվել է 26 թևավոր հրթիռ և 597 անօդաչու սարք, որոնց կեսից ավելին «Շահեդ»-ներ էին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ չեզոքացվել է ավելի քան 20 հրթիռ և անօդաչու սարքերի մեծ մասը։
Հատկապես ծանր հարված է ստացել երկրի արևմուտքում գտնվող Չեռնիվցին, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, կա չորս վիրավոր, հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Ռուսլան Զապարյուկը։ Քաղաքում վնասվել են բնակելի շենքեր, խանութներ և վարչական շենքեր։
Զապորոժիեի շրջանում երկու մարդ զոհվել է հրետանային և անօդաչու սարքերի հարվածներից։
Լվովում, ըստ քաղաքի քաղաքապետ Անդրեյ Սադովիի, վեց մարդ վիրավորվել է։ Խարկովում էլ ԱԹՍ հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել, հայտնել է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Անցած գիշեր պայթյուններ են գրանցվել նաև Կիևում, Նիկոլաևում, Կրոպիվնիցկիում և Խերսոնում։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը խոցել են 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք։